Արցախցի Սլավա Խաչատրյանը Վերջին զանգն այսօր կնշեր Թալիշում, եթե չլիներ 44–օրյա պատերազմը։ Սլավան պատերազմի առաջին օրերին է տեղափոխվել Բյուրեղավան եւ ուսումը շարունակել տեղի հիմնական դպրոցում։

«2016–ին քառօրյա պատերազմի ժամանակ ստիպված դուրս եկանք Թալիշից ու տեղափոխվեցինք Բյուրեղավան։ Կարճ ժամանակ անց վերադարձանք Թալիշ, բայց կրկին ժամանակավոր։ 2020–ի սեպտեմբերի 27–ին, երբ սկսվեց 44–օրյա պատերազմը, ստիպված եղանք նորից լքել գյուղը»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սլավայի հայրը՝ Ալիկ Խաչատրյանը։

Բյուրեղավանի հիմնական դպրոցում Սլավան իրեն օտար չի զգում, դասընկերներն ու ուսուցչական անձնակազմը նրան ջերմությամբ են ընդունել։ Այդուհանդերձ, նա կարոտում է Թալիշի իր դպրոցն ու դասընկերներին, որոնք պատերազմի հետեւանքով տեղափոխվել են այլ բնակավայրեր։

«Շատ ուրախ կլինեինք Վերջին զանգը հայրենի Թալիշ գյուղում անել, կուզեինք մեր հողուջրում լինել»,– ասաց Սլավայի հայրը։

Սլավան պատրաստվում է ուսումը շարունակել քոլեջում, նա ցանկանում է ավտոէլեկտրիկ դառնալ։

Մանրամասները՝ տեսանյութում։