«Դիմադրություն» շարժման անդամները Կառավարության շենքից քայլերթով հասան Կառավարական ամառանոցի առջեւ։

«Եկել ենք այստեղ մեկ պահանջով՝ դուրս արի եւ պատասխանիր ժողովրդի հարցերին։ Եթե ռիսկ չես անում դուրս գաս, ասա քեզ հարմար տեղ ու ժամ։ Դու պետք է պատասխանես այս հարցերին։ Եթե ոչ, րոպե առաջ պետք է հեռանաս։ Այսպես փախնելով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ Կառավարական ամառանոցի առջեւ կենտրոնացած են ոստիկանական մեծ ուժեր։

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր՝ հունիսի 3-ին, նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել այն:

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:

«Որեւէ մեկը շենք մտնելու փորձ չանի: Կառավարության բոլոր 6 մուտքերը փակում ենք, հետո ես կվերադառնամ էստեղ, մեր բոլորի պահանջը կհնչեցնեմ: Ոստիկանների հետ կոնֆլիկտի մեջ չենք մտնում»,- հայտարարել էր Սաղաթելյանը: