Եթե ձեզ համար մեկ է Շուշին, Հադրութը, Մասիսը, Կարսը, ուրեմն շատ ճիշտ բան եք անում, որ չեք գալիս, դու այստեղ անելիք չունեք։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Ֆրանսիայի հրապարակում՝ «Դիմադրություն» շարժման հանրահավաքին իր ելույթում նշեց «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը։

«Եթե ձեր սիրտը ցավում է, ձեր աչքերն արցունքներով են լցվում, երբ տեսնում եք Մասիս սարը, ապա եկեք այստեղ։ Չեք գալիս, որովհետեւ չեք սիրում Քոչարյանին, Սաղաթելյանին, ես էլ չեմ սիրում, ինչո՞ւ պետք է քաղաքական գործիչներին սիրել, իրենք գործ անելու համար են, իսկ մենք պետք է պահանջենք, որ նրանք հայրենասեր կերպով այդ գործն անեն։ Երբ փոքր էի տատիկս պատմում էր ինձ Արեւմտյան Հայաստանի մասին, ես մոտ կես դար այդպես էլ չհասկացա՝ էդ ոնց եղավ, որ այդ մեծ Հայաստանը դարձավ մի փոքր Հայաստանի Հանրապետություն, հիմա արդեն հասկանում եմ։ Ես չեմ ուզում, երբ երեխաներս մեծանան, հարցնեն՝ ինչու կորցրինք Գյումրին, Մեղրին կամ Երեւանը, որ ասեմ՝ դե հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով էի զբաղվում, թեքահարթակներ կառուցելով էի զբաղվում եւ այլն»,- ասաց Արմեն Ալավերդյանը։

Ալավերդյանը՝ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ասաց, որ ապշած է ՀԿ-ների անտարբերության վրա. «Ուղղակի բռնությունն օքե՞յ ա ձեզ համար, կանանց պաշտպաններ, մի հատ գռեհիկ խոսք է հնչում ինչ-որ գործչի կողմից, ոգեւորվում եք, ստատուսներ եք գրում, հիմա երբ ոստիկանը երիտասարդ աղջկա ինտիմ մասին է ձեռք գցում, օքե՞յ է, դե բա դատապարտեք, գոնե ասեք՝ չի կարելի»։

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախօրեին նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չէին ներկայացել նիստին եւ տապալել էին այն: Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել էին Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:

Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացել էին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվել դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ՝ ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։

Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները հրաժարվել էին բացել ճանապարհը, որից հետո ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում էր սկսվել։ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով, անգամ հարվածներ հասցնելով բերման էին ենթարկել բազմաթիվ ցուցարարների։ Նրանք նաեւ հատուկ միջոցներ էին կիրառել, մասնավորապես՝ ծխարձակող, լուսաձայնային նռնակներ։ Բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է, այդ թվում՝ ոստիկանների։ Մի քանի տասնյակ քաղաքացի եւ ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց։