Երեկ բախում չի եղել, այլ Նիկոլի ավազակախումբը հարձակվել է Հայաստանի փողոցներում արժանապատիվ քաղաքացիների խաղաղ երթի վրա։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Ֆրանսիայի հրապարակում՝ «Դիմադրություն» շարժման հանրահավաքին իր ելույթում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Երթի մեջ էին կանայք, մանկահասակ երեխաներ, հղի կանայք։ Այդ մարդիկ խաղաղ երթից բացի, տեսական այլ հնարավորություն կամ ցանկություն չունեին։ Մեր երթի արժանապատվության մասին վկայում է նաեւ այն հանգամանքը, որ հեսա մի քանի ժամից 24 ժամը լրանալու է ու մինչեւ այս պահը, այդ իրենց իշխանական տարբեր միջոցներով, գեթ կես ապացույց չեն կարողացել ներկայացնել, որ իբր քաղաքացին ծեծում է ոստիկանին։ Ի հակադրություն դրա՝ հարյուրավոր ապացույցներ կան, թե ինչպես է ոստիկանը ջարդում քաղաքացու գլուխը, ձեռքը, ոտքը, կողերը, ողերը. բա էս մարդը ոնց կարող է հայ ոստիկանը կոչվել։ Սրանք իրենց ֆորման հագած, դրանից արխային ընկած, որոշել էին Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներին նվաստացնել, վնասել, հրամանի դեպքում նաեւ սպանել»,- ասաց պատգամավոր Մկրտչյանը։
Աննա Մկրտչյանի խոսքով՝ Փաշինյանն է ոստիկաններին նման հրաման տալիս, որովհետեւ այդպիսով նա լուծում է իր եւ իր մերձավորների կյանքի հարցը. «Իրենք շատ լավ գիտեն, որ իրենց արած դավաճանությունն այլեւս բացահայտված է։ Բոլորը շատ լավ գիտեն, որ մեր երկիրը, մեզ էլ ծախել է թուրքին։ Հիմա արժանապատիվ քաղաքացին գնացել է այդ դավաճանի պատիժը տալու»։
Պատգամավոր Մկրտչյանը դիմելով ոստիկաններին՝ ասաց. «Այ անուղեղ, չե՞ս հիշում, որ ընդամենը 10 տարի առաջ դրա հոգին փառավորվում էր, երբ իր հրամանով հավաքված փայտերը, ձողերը, մահակները կիրառվում էին ոստիկանին սպանելու համար։ Ընդամենը 10 տարի առաջ հարյուրավոր խմբեր էր սարքել, որ մեկ ոստիկանի սպանեն ու սպանեցին։ Հիմա անում է հակառակը, հարյուրավոր ոստիկանների հրամայում է, որ մի քաղաքացու ծեծելով սպանեն։ Բայց Նիկոլին ի՞նչ, ինքն իր ամբողջ կյանքը փախել է, լրագրող էր՝ փախչում էր, իբր քաղաքական գործիչ էր՝ փախավ, հիմա մեզնից է փախչում, արցախցիներից, փախավ պատերազմից, զոհված զինծառայողների ծնողներից. ամբողջ կյանքը փախչելու է իր շողքից։ Գոռում էր «Մարտի 1», բայց ինքը երեկ ժողովրդի վրա կրակելու հրաման տվեց»։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախօրեին նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չէին ներկայացել նիստին եւ տապալել էին այն: Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել էին Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:
Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացել էին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվել դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ՝ ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։
Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները հրաժարվել էին բացել ճանապարհը, որից հետո ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում էր սկսվել։ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով, անգամ հարվածներ հասցնելով բերման էին ենթարկել բազմաթիվ ցուցարարների։ Նրանք նաեւ հատուկ միջոցներ էին կիրառել, մասնավորապես՝ ծխարձակող, լուսաձայնային նռնակներ։ Բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է, այդ թվում՝ ոստիկանների։ Մի քանի տասնյակ քաղաքացի եւ ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց։











