Ֆրանսիայի հրապարակից քիչ առաջ մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը։

Շարժման մասնակիցները քայլերթով կգնան դեպի Դատախազություն։ Երթի մասնակիցների խոսքով՝ հունիսի 3-ին, կառավարական ամառանոցների մոտ ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների առթիվ քրեական գործեր պետք է հարուցվեն, եւ այդ ոստիկաններին մեղադրանքներ առաջադրվեն։

Մինչեւ երթը մեկնարկելը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է անցկացվել, որի ընթացքում ելույթներով են հանդես եկել ԵՊՀ դասախոս, «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը եւ ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդեւանյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հունիսի 3-ին նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չէին ներկայացել նիստին եւ տապալել էին այն: Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել էին Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:

Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացել էին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվել դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ՝ ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։

Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները հրաժարվել էին բացել ճանապարհը, որից հետո ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում էր սկսվել։ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով, անգամ հարվածներ հասցնելով բերման էին ենթարկել բազմաթիվ ցուցարարների։ Նրանք նաեւ հատուկ միջոցներ էին կիրառել, մասնավորապես՝ ծխարձակող, լուսաձայնային նռնակներ։ Բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է, այդ թվում՝ ոստիկանների։ Մի քանի տասնյակ քաղաքացի եւ ոստիկան տեղափոխվել էին հիվանդանոց։