«Դիմադրություն» շարժման գործողությունների ժամանակ, ըստ Ոստիկանության պաշտոնական տվյալների բերման է ենթարկվել 2100 մարդ, սակայն իրականում խոսքը 2500 մարդու մասին է։ Այս ընթացքում ձերբակալվել է 48 մարդ, որից 27-ը այս պահին կալանավորված են, նաև քան մի քանի քրգործեր, որոնցով տարբեր մարդկանց մեղադրանք է առաջադրվել, այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Ինչի համար եմ այս թվերը ներկայացնում, որ դուք հասկանաք իշխանությունների խուճապը։ Հայաստանի նորանկախ պատմության մեջ այս ծավալի ռեպրեսիաներ չեն եղել»,– ասաց նա՝ հավելելով, որ որևէ բռնաճնշում չի կարող կասեցնել այս շարժումը։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այս օրերին բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ ոստիկանները անօրինական գործողությունների են դիմել, սակայն առ այսօր որևէ ոստիկան չի ձերբակալվել։ Հետևաբար, դիմում եմ գլխավոր դատախազին․ կան հստակ հրապարակված փաստեր և ապացույցներ, որոնք ամբողջությամբ բավարար են անմիջապես քայլեր ձեռնարկելու և ապօրինություններ գործած ոստիկաններին տանել ձերբակալելու համար, հակառակ պարագայում Դուք Ձեր քայլերով, գործողություններով նպաստում եք նոր բռնությունների»,– ասաց նա՝ հավելելով, որ եթե ժամանակին կանխեին ապօրինությունների դիմաց ոստիկանների գործողությունները, ապա նման դեպքերը չէին կրկնվի։

Իշխան Սաղաթելյանը նաև նշեց, որ այսօր օրերին կան ոստիկաններ, որոնց համազգեստի վրա չկան տարբերանշաններ, որոնց տարբերակել հնարավոր չէ։ Նրա խոսքով՝ այդ մարդիկ ղեկավարվում են ոչ Ոստիկանության կողմից, և Գլխավոր դատախազությունը պարտավոր է հստակ քայլեր ձեռնարկել նաև այս ուղղությամբ։

ԱԺ փոխնախագահը ասաց, թե տեղեկություններ ունեն, որ մի շարք կրթական հաստատությունների ղեկավարությունը խնդիրներ է ստեղծում այն ուսանողների համար, որոնք մասնակցել կամ մասնակցում են ընդդիմության անհնազանդության ակցիաներին։

«Խելքի եկեք, վերջ տվեք ուսանողների նկատմամբ այդ ճնշումներին, հակառակ դեպքում հերթով կգանք ձեր հետևից։ Իսկ ուսանողներին կոչ ենք անում նման դեպքերում անմիջապես կապ հաստատեն մեզ հետ և հստակ անուն–ազգանունով ներկայացնեն բուհերի ղեկավարների կամ դասախոսների անունները, որոնք նման մեթոդներով փորձում են ճնշում գործադրել մեր արժանապատիվ, հայրենասեր երիտասարդների, ուսանողների նկատմամբ»,– ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ վրանները Ֆրանսիայի հրապարակից հավաքելու կամ պայքարում դադար վերցնելու վերաբերյալ խոսակցություններին՝ նշելով, որ վրանները ինքնանպատակ չեն տեղադրվել հրապարակում, իսկ հրապարակից դուրս գալու որոշում չկա, պայքարը նույն տեմպով շարունակվելու է։

«Դադար վերցնելը, տուն գնալը նշանակում է գնանք տուն և թշնամուն սպասենք մեր տների բակում։ Այս շարժումը նահանգ չունի, այս շարժման նահանջը հայ ժողովրդի նահանջն է և պետականության կորուստը։ Հետևաբար` հետքայլ չկա, նահանջ չկա»,– հայտարարեց նա՝ հավելելով, որ շաբաթվա վերջում հանդես կգան շարժումն ավելի ընդլայնելու ծրագրային դրույթներով։

Սաղաթելյանը նշեց, որ հրապարկում այսօր հնչեցված մի շարք հարցերի վերաբերյալ վաղը նամակ են փոխանցելու Դատախազություն։