Արցախի  Քաշաթաղի շրջանից տեղահանված Դանիելյանների ընտանիքում զույգ տղաներ են լույս աշխարհ եկել: Տղաները՝ Նժդեհն ու Մոնթեն, տան 10-ը եւ 11-րդ երեխաններն են: Փոքրիկները ծնվել են Արտաշատի բժշկական կենտրոնում: 

Դանիելյանների ընտանիքը 44-օրյա պատերազմի ժամանակ է Քաշաթաղի շրջանից եկել եւ բնակություն հաստատել Արարատի մարզի Բաղրամյան գյուղում: NEWS.am-ի հետ զրույցում նորածինների տատիկը՝ տիկին Ոսկին, պատմում է, որ ինքը, հարսը եւ թոռները 2020 թվականի հոկտեմբերի 4-ին են Արցախից եկել են Արտաշատ:

«Մենք դեռեւս 90-ականներին ենք գնացել Քաշաթաղ: Բայց 44-օրյա պատերազմը ստիպեց, որ ես, հարսս, եւ թոռներս  շուտ հեռանանք Քաշաթաղից, բայց տղաներս մինչեւ պատերազմի վերջին օրը կանգնած են եղել սահմանին: Եկել ենք այստեղ, վարձով են ապրել, մինչեւ հիմա վարձով ենք ապրում: Ճիշտ է, պետության կողմից աջակցություն ստացել ենք, բայց հիմա ոչ մի օգնություն չունենք, մենք մեր ուժերով փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի ապրենք; Մենք հույս ունենք, որ պետությունը աջակցություն կցուցաբերի: Երեք տուն թողել, դուրս ենք եկել: Չէինք պատկերացնի, որ այսօր այն տներում, որտեղ մենք էինք ապրում, կապրեն այլ ազգության մարդիկ»,- պատմեց նա:

Նորածիններին անվանակոչել են Մոնթե եւ Նժդեհ, քանի որ տիկին Ոսկին որոշել է խորհրդանշական անուններ ընտրել.

«Երբ այսօր երեխաներին տեսա, չեմ էլ հասկացել՝ ինչպես եմ տուն հասել: Երեխաների անունը պատահաբար չեմ ընտրել: Նժդեհն ու Մոնթեն պետք է անպայման թուրքերի շներին սատկացնեն»։

Արտաշատի  ԲԿ-ի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի բաժնի վարիչ Արման Սահակյանը մոր եւ նորածինների վիճակը գնահատում է բավարար. «Հղիությունը ընթացել է առանց բարդությունների: Երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով: Երկու տղաներն էլ կշռում են 3400 գրամ»։