Երեւանում հայ-ռուսական բարեկամության «Դարերի միասնություն» կոչվող հուշարձան կտեղադրվի։ Այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ռուս նախարարը նշել է, որ իր հայ գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների օրակարգային բազմաթիվ հարցեր, նախկինում, այդ թվում ամենաբարձր մակարդակով՝ այս տարվա ապրիլին Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ «Մեր առաջնորդները հաստատել են Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշինքի արտոնյալ բնույթը»,- հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ կողմերը պայմանավորվել են պահպանել բարձր տեմպերը։ Այս տարի նախատեսվում է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացում, միջտարածաշրջանային եւ երիտասարդական ֆորումներ, Երեւանի կենտրոնում հայ-ռուսական բարեկամության հուշարձանի տեղադրում։ Վաղը Ռուսաստանում կմեկնարկեն Հայաստանի մշակույթի օրերը, իսկ տարվա երկրորդ կեսին Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի հոգեւոր մշակույթի օրեր։
«Ռուսաստանը շարունակում է մնալ առաջատար առեւտրային գործընկեր, առաջատար ներդրող Հայաստանի տնտեսության մեջ։ Չնայած համավարակի հետեւանքով առաջացած անկմանը, մեզ հաջողվել է ապրանքաշրջանառությունը վերադարձնել կայուն աճի հետագիծ, եւ զարգացնում ենք համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, այդ թվում՝ միջուկային, հանքալեռնային արդյունաբերությունը, տրանսպորտը, լոգիստիկան եւ բարձր տեխնոլոգիաները»,- ասել է Սերգեյ Լավրովը։ Հաշվի առնելով հայկական կողմի ցանկությունը՝ աշխատանքներ են տարվում հանրապետությունում ռուսական դպրոցների թվի ավելացման, Ռուսաստանի Դաշնությունում սովորել ցանկացողների քվոտաների ավելացման ուղղությամբ։
Կողմերը քննարկել են արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների հաճախականության ավելացման, ԵԱՏՄ, ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր։ «Համաշխարհային եւ տարածաշրջանային խնդիրների մեծ մասի վերաբերյալ մենք նույն դիրքորոշումներն ունենք։ Մենք պայմանավորվեցինք շարունակել համակարգել մեր գործողությունները՝ հաշվի առնելով փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունները»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։











