Վերջին տասնամյակների ընթացքում ստարտափները զգալի առաջընթաց են գրանցել մի շարք ոլորտներում՝ ծրագրային ապահովման մշակումից մինչեւ ձեռներեցություն: Իսկ ո՞ր ոլորտներն առավել արդիական կլինեն առաջիկա 10-15 տարիներին։ Ո՞ր ոլորտներում պետք է սկսել ստարտափ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել տեխնոլոգիական ոլորտը լուսաբանող TechCrunch պարբերականի Եվրոպայի բաժնի գլխավոր խմբագիր Մայք Բութչերը։
Երկու հետաքրքիր ոլորտ համընդհանուր ուշադրության կենտրոնում են
Առաջիկա տարիներին, ըստ Մայք Բութչերի, համընդհանուր ուշադրության կենտրոնում կլինեն կլիմայի հետ կապված տեխնոլոգիաները, եւ այս ոլորտում աշխատող ստարտափները հաջողության հասնելու բավականին լավ հնարավորություններ կունենան՝ անկախ նրանից ծրագրային ապահովում են ստեղծում դրանք, թե ապարատային լուծումներ:
Արեւային մարտկոցների եւ հողմային տուրբինների արդյունավետության բարձրացում, ածխաթթու գազի արտանետումների մոնիթորինգ եւ կլիմայի ոլորտում ցանկացած այլ մշակում՝ այս ամենը, Մայք Բութչերի կարծիքով, տարածված ու արդիական կլինի առաջիկա տարիներին՝ կլիմայական խնդիրների հետ կապված իրավիճակի սրման պայմաններում։
Շատ գիտնականներ կհամաձայնեն այս կարծիքի հետ՝ հայտնի աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի հեղինակ եւ գլխավոր կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանը (https://news.am/rus/news/701393.html) նույնպես կարծում է, որ այսօր արդեն մեր մոլորակը կանգնած է կլիմայական եւ բնապահպանական մի շարքի խնդիրների առջեւ, եւ տարիների ընթացքում այդ խնդիրները միայն կխորանան։ Ուստի նշված խնդիրների լուծմանը կամ գոնե մոլորակի վրա իրավիճակի իրագործելի բարելավմանն ուղղված ցանկացած նախագիծ ու մշակում առավել քան արդիական կլինի։
Մեկ այլ հետաքրքիր ոլորտ, որին պետք է ուշադրություն դարձնեն ապագա ստարտափ սկսողները, Web 3.0-ն է, կրիպտոարժույթները, բլոկչեյնները։ Բութչերի կարծիքով՝ կրիպտոն եւ բլոկչեյններն ավելի հավանական է, որ կիրառվեն որպես բազային ենթակառուցվածքներ, այլ ոչ թե որպես կրիպտոարժույթ, ինչի մասին մենք հաճախ ենք լսում այսօր լուրերում: Այսպես թե այնպես, այս ոլորտը մասնագետին շատ խոստումնալից է թվում։
Մրցակցություն
Ձեր ստարտափի արդիական ոլորտ ընտրելն այն ամենը չէ, ինչ անհրաժեշտ է հաջողության համար: Ի վերջո, կլինեն նաեւ այդ ոլորտում աշխատող այլ ընկերություններ, եւ դրանց հետ մրցակցելը հաճախ հեշտ չի լինի, հատկապես, եթե դրանք մեծ հնարավորություններ ու ռեսուրսներ ունեցող կորպորացիաներ են, ինչը չունեն ստարտափները։
Ինչպե՞ս կարելի է գոյատեւել այս մրցակցության մեջ եւ գտնել ձեր տեղը շուկայում:
Բութչերի կարծիքով՝ փոքր ստարտափները լիովին կարող են մրցակցել մեծ ընկերությունների հետ, եթե կարողանան արագ որոշումներ կայացնել եւ արագ գործել եւ եթե հասանելիություն ունենան մեծ հարթակներին, որոնց վրա կարող են ստեղծել իրենց արտադրանքը:
Համաշխարհային շուկան լավագույն թիրախն է
Հաջողության հասնելու համար, Մայք Բութչերի խոսքով, շատ կարեւոր է նաեւ ստարտափի առաջին իսկ օրվանից թիրախավորել համաշխարհային շուկան։ Բավական վատ գաղափար է մշակել մի բան, որը կարող է հետաքրքրել միայն մարդկանց փոքր խմբի: Որքան շատ պոտենցիալ սպառողներ ունենա ապրանքը, այնքան ավելի հավանական է, որ այն շուկայում կայուն տեղ գտնի եւ հաջողության հասնի:
Բութչերի խոսքով՝ ստարտափի ձախողման ամենատարածված պատճառը չափազանց «փոքր» մտածելու սովորությունն է՝ եթե ստարտափը թիրախավորում է տեղական շուկան, այն հաջողության հասնելու քիչ հնարավորություններ ունի:
«Եթե տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ստարտափը ցանկանում է հաջողության հասնել, նա պետք է գլոբալ մտածի՝ առաջին իսկ օրվանից փնտրի հնարավորինս շատ օգտվողներ իր արտադրանքի համար: Այս մոտեցման շնորհիվ մարդկանց հաջողվում է իսկապես հետաքրքիր ընկերություններ ստեղծել»,- ասաց մասնագետը։
Աշխարհի ցանկացած կետ հարմար է
Լավ նորությունն այն է, որ այսօր դուք կարող եք հաջողակ ստարտափներ ստեղծել աշխարհի ցանկացած կետից: Եվ Հայաստանը բացառություն չէ։
Մայք Բութչերն արդեն մի քանի անգամ այցելել է Հայաստան, եւ, նրա խոսքով, այստեղ տեխնոլոգիական ոլորտը տպավորում է իրեն։
«Դուք ունեք այնպիսի ֆանտաստիկ ընկերություններ, ինչպիսիք են Picsart-ը, Teamable-ը եւ Krisp-ը: Սրանք բոլորը հայկական ստարտափներ են, որոնք ստեղծում են համաշխարհային արտադրանք: Հայաստանն ի վիճակի է կառուցել համաշխարհային տեխնոլոգիական հարթակներ այստեղից՝ Հայաստանից, եւ այնպիսի քաղաքներից, ինչպիսին Երեւանն է: Եվ ես հիացած եմ այստեղի տեխնոլոգիական արդյունաբերությամբ»,- ասաց Բութչերը:
Ամենազարմանալի տեխնոլոգիան
Վերջին տասնամյակների ընթացքում մեր տրամադրության տակ են հայտնվել իսկապես շատ հետաքրքիր գաջեթներ՝ խելացի փոշեկուլներից մինչեւ զգացմունքային ռոբոտներ ու ինքնակառավարվող մեքենաներ, գրեթե ինչպես ֆիլմերում:
Սակայն Մայք Բութչերը վերջին տասնամյակների ամենազարմանալի ու հետաքրքիր գյուտը համարում է․․․ սմարթֆոնը։
«Կարելի է վստահորեն ասել, որ սմարթֆոնն իսկապես փոխել է ինտերնետի հետ մեր փոխգործակցության կանոնները: Պատկերացրեք, եթե ձեզ պետք լիներ շրջել սեղանի համակարգչով։ Դա հնարավոր չէր լինի։ Այնպես որ, կարծում եմ, որ սմարթֆոնը վերջին տարիներին ակնհայտորեն փոխել է տեխնոլոգիայի մեջ խաղի կանոնները»,- ասաց նա:
Երեւանում Emerge համաժողովի ժամանակ Մայք Բութչերը խոսել է Մետատիեզերքի եւ այն մասին, թե ինչպես, իր կարծիքով, տեխնոլոգիաները կզարգանան ապագայում:
Արդյո՞ք բոլորս խելացի ակնոց ենք դնելու։ Արդյո՞ք կրելու ենք VR սաղավարտներ, որոնք «լրացնում են» մեր շրջապատի իրականությունը եւ նոր մանրամասներ կամ նոր տեղեկություններ են ավելացնում: Առայժմ դժվար է ասել, թե կոնկրետ ինչ է մեզ սպասվում։ Բայց սմարթֆոնը, ըստ Բութչերի, մնում է իսկապես յուրահատուկ գյուտ, որը դեռ երկար ժամանակ չի կորցնի արդիականությունը։











