Հունիսի 3-ին ոստիկանության իրականացրած գործողությունները եղել են համաչափ եւ տվյալ պահի համար անհրաժեշտ: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
«Ակնհայտ էր, որ այնտեղ եղել են քարեր, այլ առարկաներ եւս նետվել են, եւ այդ ամենի սկիզբը դրել են հավաքի մասնակիցները: Երբ սկսվում են նման գործողություններ, ակնհայտ է, որ ակցիաները խաղաղից անցնում են ոչ խաղաղ բնույթի եւ այս դեպքում ոստիկանությունը կարող է կիրառել ցանկացած միջոց՝ օրենքի շրջանակում: Այն դեպքերում, երբ վիճակն արդեն ծայրահեղ է, զգուշացում կարող է եւ տեղի չունենալ»,- նշեց Ֆիդանյանը:
Փոխոստիկանապետն ասաց, որ այս պահին չգիտի՝ քանի քրեական գործ է հարուցված ոստիկանների նկատմամբ, քանի որ քրեական գործը ոստիկանությունը չի հարուցում:
Ըստ փոխոստիկանապետի՝ եթե ոստիկանությունն ունի տեղեկություն այնպիսի իրավիճակի մասին, որը կարող է հանգեցնել հասարակական կարգի խախտմանը կամ համապատասխան վայրում պետական շահի խախտմանը, ոստիկանությունը կարող է առաջարկել այլ ուղի:
«Ոստիկանությունը չի եղել այդ դեպքերի հրահրողը: Մեր հայրենակիցների մոտ կա թյուր կարծիք, թե իրենք կարող են շարժվել այն ուղղությամբ, որով ցանկանում կամ մտնել այն շենք, որը ցանկանում են: Մենք իրավական պետություն ենք, եւ կան հստակ ամրագրումներ: Նույն հավաքների մասին օրենքում կա այդ օրենքը: Վերջին 40 օրերի ընթացքում հավաքի կազմակերպիչները նախօրոք չեն ծանուցել իրենց հավաքների մասին, ինչպես օրենքով է սահմանված»,- ասաց Արա Ֆիդանյանը:
Փոխոստիկանապետի խոսքով՝ պատգամավորները չեն կարող ցանկացած պահի անարգել մտնել կառավարական շենք:
«Ազգային ժողովի պատգամավորները կարող են հանդիպում պահանջել նախարարների, եւ նախարարը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում իրեն ընդունել: Սեղմ ժամկետը, ի դեպ, մենք չպետք է նույնակացնենք անհապաղ եզրույթի հետ, դրանք տարբեր են»,- ընդգծեց Ֆիդանյանը:











