Հայ գործարարների ասոցիացիայի նախաձեռնությամբ եւ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ Երեւանում ընթանում է Buissup Conference-ը։
Կազմակերպիչների խոսքով՝ սա լավ հնարավորություն է տնտեսության նորարարական ոլորտներով հետաքրքրվող 1000-ից ավելի երիտասարդի համար՝ ծանոթանալու վերջին նորություններին եւ թարմացումներին, նոր կապեր ձեռք բերելու, իրենց մտքերով ու գաղափարներով կիսվելու ու տարբեր ոլորտների առաջատարների կողմից նշանակալի խորհուրդներ եւ ուղղորդումներ ստանալու։
«Հայ գործարարների ասոցիացիան իր ստեղծման առաջին օրվանից բավականին համարձակ նպատակ է սահմանել՝ մեկ հարթակում եւ մեկ գաղափարի շուրջ համախմբել աշխարհի հաջողակ գործարարներին, որոնք, բնականաբար, կնպաստեն Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ ներդրումային հնարավորությունները ավելի կզարգացնեն»,– լրագրողների հետ զրույցում ասաց Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը։

Այս տարի Buissup Conference-ին մասնակցելու ներկայացնելու հայտ էին ներկայացրել 2600 մասնակից, որից, սակայն,1400 մասնակցի է հնարավորություն ընձեռվել։
«Մեր հարցաշարում շատ կարեւոր հարց կար՝ ինչպիսի՞ն եք պատկերացնում բիզնեսը ապագայում եւ Հայաստանը ապագայում. այս հարցերի պատասխանները լսելով ենք որոշել, թե ովքեր կմասնակցեն այսօրվա միջոցառմանը։ Մեր երիտասարդները շատ զարգացած են, նորագույն տեխնոլոգիաներին լավ տիրապետում են։ Հայ գործարարների ասոցիացիայի համար մեծ պատիվ է համախմբել բոլոր այն երիտասարդներին, որոնք ուզում են նպաստել երկրի զարգացմանը։ Կարեւորագույն սկզբունքը, որով մենք առաջնորդվում ենք լավագույն ծրագրերը ընտրելիս՝ դա Հայաստանի տնտեսության զարգացմանը վերաբերող նախաձեռնություններն են։ Այսինքն՝ ծրագրերը պետք է լինեն նորարար տեխնոլոգիաներով հագեցած, որպեսզի տնտեսական աճը ապահովված լինի։ Մեզ համար շատ կարեւոր է, որ ծրագրերը սկսվեն իրականացվել Հայաստանում, ծագումնաբանությունը լինի հայկական, իսկ հետագայում մենք կընդլայնենք աշխարհագրությունը եւ դուրս կհանենք այդ ծրագրերը արտերկիր»,– հավելեց Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրենը։
«Գալաքսի» ընկերությունների խմբի ռազմավարության եւ ինովացիաների գծով տնօրեն Էդգար Կարապետյանի խոսքով՝ այս միջոցառումը երիտասարդներին հնարավորություն է տալիս ներգրավվել բիզնես ոլորտում։
««Գալաքսի» ընկերությունների խումբը ժամանակ առ ժամանակ հետեւում է բիզնես ոլորտում նոր գաղափարների առաջացմանը եւ մեծ հաճույքով մասնակցում է այն պրոյեկտներին, որոնք առնչություն ունեն մեր գործունեության հետ եւ մեծ պոտենցիալ ունեն բիզնեսի զարգացման համար։ Մեր ընկերությունը կփորձի աջակցել երիտասարդներին իրենց նախագծերի եւ գաղափարների իրագործման համար»,– ասաց Էդգար Կարապետյանը։

Նշենք, որ Buissup Conference-ը անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Այս տարի կոնֆերանսի խորագիրն է՝ «Բիզնես. հաջորդ կայարան»։ Միջոցառման այս տարվա բանախոսներն են Nvidia ընկերության փոխնախագահ Ռեւ Լեբարեդեանը, ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը, Գալաքսի ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ ռազմավարության եւ ինովացիայի տնօրեն Էդգար Կարապետյանը, Smartclick ընկերության հիմնադիր տնօրեն Ռեմ Դարբինյանը, ԱԿԲԱ բանկի պլատֆորմների եւ տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, ՀՀ կենտրոնական բանկի Կորպորատիվ ծառայությունների եւ զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կոմիտաս Ստեփանյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արամ Փախչանյանը։ Բանախոսները կխոսեն բիզնեսում կիրառվող նորագույն տեխնոլոգիաների մասին, ինչպիսիք են՝ արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը, վիրտուալ իրականությունը, տվյալների գիտությունը, կիբերանվտանգությունը եւ ոչ միայն:
Այս տարվա սեպտեմբերի 5-ից 11-ը տեղի կունենա Buissup Global Forum–ը, որի շրջանակում մեկշաբաթյա ինտեսիվ բիզնես դասընթաց կկազմակերպվի ստարտափների և կայացած ընկերությունների համար։ Եզրափակիչ փուլից հետո կընտրվեն մինչև 10 լավագույն նախագծեր, որոնք կստանան ներդրումներ հետագա զարգացման համար։ Սեպտեմբերի 20-ին՝ Armenian Business Forum–ի շրջանակում, Buissup Global Forum-ի ընթացքում ընտրված նախագծերը կգտնեն իրենց ներդրողին։













