Ինչպես է արհեստական բանականությունը ազդելու բիզնեսի վրա և ինչպիսին է դրա ապագան։ Այս հարցերի շուրջ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է ձեռնարկությունների համար արհեստական բանականության և մեքենայական ուսուցման լուծումներ առաջարկող SMARTCLICK ընկերության համահիմնադիր Ռեմ Դարբինյանի հետ:
Արհեստական բանականության ազդեցությամբ բիզնեսի վարման ընթացքը փոխվելու է շատ ավելի արագ, քան կարծում ենք
Բոլորին թվում է՝ արհեստական բանականությունը մեր կողքին չէ, բայց մենք ամեն օր շփվում ու օգտագործում ենք արհեստական բանականություն։ Օրեցօր աճում է ծրագրերի և ուղղությունների թիվը, որոնք օգտագործում են արհեստական բանականություն, և ժամանակի ընթացքում բոլոր բիզնես պրոցեսները, որոնք պահանջում են ավտոմատացում, փոխարինվում են արհեստական բանականությամբ։
Բիզնեսները արհեստական բանականության միջոցով զարգանալու են, ավելի մեծ եկամուտ ստանան
Արհեստական բանականությունը լավացնում է բիզնես պրոցեսները, թույլ է տալիս ամեն ինչ անել ավելի արագ և ավելի օպտիմալ։ Սպասվում է, որ տեղի է ունենալու ռեսուրսների վերաբաշխում․ արհեստական բանականությունը փոխարինելու է մարդկային ռեսուրսներին, քանի որ մարդիկ հիվանդանում են, չեն կարողանում 24 ժամ աշխատել, հոգնում են, ուշադրությունը շեղվում է, իսկ արհեստական բանականությունը աշխատում է ժամացույցի նման՝ գնալով ավելի խելոքանալով։ Հնարավոր է՝ ինչ-որ բիզնես պրոցեսներ, որոնք պահանջում են ուշադրություն և ավելի կայուն հմտություններ, կփոխարինվեն արհեստական բանականությամբ։
Արհեստական բանականություն արդեն օգտագործվում է տնտեսության բազմաթիվ ոլորտներում
Արհեստական բանականություն արդեն շատ է կիրառվում տեխնոլոգիական մեծ կազմակերպություններում, բժշկության մեջ, ֆինանսական սեկտորում և արդյունաբերական արտադրություններում։ Բժշկական ոլորտում շատ է օգտագործվում արագ ախտորոշումները կայացնելու մեջ, օրինակ՝ ՄՌՏ–ի, ԿՏ–ի դեպքում բժիշկները պետք է հետևեն, տեսնեն՝ ինչ է կատարվում, մասնագետին տասնյակ րոպեներ, ժամեր են հարկավոր նայելու հարյուրավոր նկարներ ու նոր ախտորոշում կայացնելու համար, իսկ արհեստական բանականության դեպքում անհրաժեշտ են վայրկյաններ, րոպեներ, որոնք թույլ են տալիս արագ օգնել մարդկանց։ Արհեստական բանականությունը չի փոխարինում, այլ օգնում է մասնագետին ընդգծել՝ որտեղ ավելի շատ ուշադրություն դարձնի։ Դեռ տասնյակ տարիներ կպահանջվեն, որ արհեստական բանականությունը բժշկության մեջ փոխարինի մարդուն։
Մոտակա 10-15 տարիների ընթացքում արհեստական բանականություն էլ ավելի կզարգանա
Մենք ավելի շատ կտեսնենք տեխնոլոգիական կազմակերպություններ և ստարտափներ, որոնց հիմքում ընկած է արհեստական բանականությունը։ Նույն կերպ կզարգանա ֆինանսական ոլորտը, որովհետև փողի հետ կապված ցանկացած գործառնություն, որտեղ արհեստական բանականությունը կարող է օգնել կանխել սխալները, գողություններն ու խաբեությունները, այն կսկսվի ավելի շատ օգտագործվել։ Բժշկական ոլորտում զարգացումն ավելի դանդաղ է գնալու։ Հույս ունեմ տեսնել արհեստական բանականություն օգտագործող գյուղատնտեսական արտադրություն իրականացնող ընկերությունների թվի աճ։
Դժվար է կանխատեսել արհեստական բանականության զարգացումն ավելի մեծ հեռանկարում, որովհետև․․․
Ամեն նոր քայլ ավելի մեծ հնարավորություններ է բացում մեզ համար։ Արհեստական բանականության զարգացումը շատ բանով կախված է քվանտում համակարգիչների հետ, քանի որ ներկայիս համակարգիչները թույլ չեն տալիս շատ մեծ հաշվարկներ անել։ Եթե համեմատենք մարդու տարիքի հետ, կարելի է ասել՝ արհեստական բանականությունը 6 տարեկան երեխայի մակարդակի է հասել, բայց ամեն տարվա աճը ավելի բարդ է ընթանում, քան մարդկային զարգացման դեպքում։ Սպասվում է, որ մոտ 30 տարի հետո արհեստական բանականությունը կանցնի մարդու բանականությանը։ Ոչ կրեատիվությամբ, որովհետև համարվում է, որ մարդը կմնա կրեատիվ, նա կշարունակի ստեղծագործել, բայց առօրյա գործերը կփոխարինվեն արհեստական բանականությամբ։











