Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու շուրջ ոչինչ չենք արել, բայց բացականերն ստանում են. իսկ դա հետեւանքներ է ունենում, աշխտավարձի վրա է ազդում եւ այլն: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ ընդդիմադիր պատգամավորներին բացակաների համար մանդատից զրկելու հարցում ՔՊ-կան պատգամավորների շրջանում կարծիքները տարբեր են. «Դեռեւս որեւէ որոշում չկա, բայց ատ կցանկանանք, որ պատգամավորները վերադառնան եւ զբաղվեն իրենց գործառույթներով:
Իշխող ուժի հակվածությունը պայմանավորված է ընդդիմության վարքագծով: Մենք կտեսնենք՝ ինչպիսի դրսեւորումներ են լինում այդ վարքագծում, ըստ այդմ որոշում կկայացնենք»,-ասաց Խաչատրյանը:
Դիտարկմանը, որ պատգամավորների քաղաքական պայքարը կարող է լինել նաեւ փողոցում, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Քաղաքական իրավւնքների իրացման եղանակները, մեթոդները տարբեր են այդ թվում նաեւ փողոցում ակցիաներ անելը: Ակցիաները պետք է լինեն արտոնված, բայց չպետք է վերածվեն զագվածային անկարգությունների: Այո, քաղաքական պյքարը կարող է լինել միայն փողոցում, բայց իրենց դեպքում միայն փողոցում է»:
Արմեն Խաչատրյանի խոսքով, իշխանությունները քաղաքացիների ուժեղ ճնշման տակ են, որ պետք է երթեւեկությունը կարգավորել, որ քաղաքացիները անհարմարություններ չկրեն. «Ցանկացած հանդիպում քաղաքացիների հետ առաջին հարցը դա է՝ բացել փողոցը»:
Նա չբացառեց, որ հրապարակն ազատելու որոշում էլ կարող է կայացվել. «Իհարկե, հնարավոր է նման որոշում էլ կայացվի, որովհետեւ այդ հավաքը արտոնված չէ: Եթե ուզում են հավաք անել, թող այնպիսի տեղ անեն, որ մեր քաղաքացիներին անհարմարություն չպատճռեն: Թող գնան Օպերայի հրապարակում անեն: Եթե նպատակը երթեւեկությունը խափանելն է, քաղաքացիներին անհարմարություն պատռելը, պետք է մտածել»:
Հարցին, թե իշխանությունը քննարկո՞ւմ է քաղաքական ճգնաժամը լուծելու նպատակով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու տարբերակը, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Բացարձակ որեւէ ճգնաժամ չկա, մեր աշխատանքները ԱԺ-ումընթանում են շատ սահուն, արագ, նորմալ: Ճգնաժամ տեսնում եմ ընդդիմության մոտ, որ արդեն մարդ չեն գտնում, որ հերթապահի, անգամ երեւի թե վարձով: Երեւի այդ ճգնաժամն այն է, որ ընդդիմությունը չգիտի, թե ինչով ավարտի այս ամենը: Քաղաքացիները հարց են տալիս՝ հետոն ո՞րն է, էլ ի՞նչն են փակելու, ինչի՞ հասան դրանով: Հույս ունեմ՝ կվերադառնան իրենց բնականոն աշխատանքի»:











