Արդեն երկու ամիս է, ինչ Երեւանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում, ընդդիմության ոչ բազմամարդ հանրահավաքներ են ընթանում։ Դրանցում ոչ մի առարկայական օրակարգ չկա։ Այս մասին հունիսի 14-ին Ազգային ժողովի նիստում ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նրանց նպատակը, ըստ խորհրդարանականի, երկրում իրավիճակի ապակայունացումն է։ «Հանրահավաքներում հաճախ է հնչում «Զարթիր, լաո» ազգային երգը, որը ոչ մի կապ չունի ոչ հանրահավաքների, ոչ հետապնդվող նպատակների հետ։ «Զարթիր, լաո» երգն ի սկզբանե ուղղված է եղել արտաքին թշնամուն։ Այն միասնական պայքար եւ դիմադրություն կազմակերպելու կոչ է արել»,- նշեց Քոչարյանը։

Նա համոզված է, որ վերոնշյալ երգը Հայաստանի ընդդիմության ձեռքում դարձել է ներքին թշնամանք հրահրելու գործիք։ «Այնուամենայնիվ, նույնիսկ դա թույլ չի տալիս ընդդիմությանը հասնել ցանկալի նպատակին։ Պատճառը մեկն է՝ պայքարի մտացածին նպատակները եւ կեղծ օրակարգը»,- եզրափակեց իշխող կուսակցության պատգամավորը։