Մենք ԿԲ-ի աշխատանքի վրա որեւէ ազդեցություն չունենք, բայց տեսնում ենք, որ կա լայն դժգոհություն տնտեսական տարբեր սեկտորներից նման քաղաքականության նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք սրա միջով մի անգամ անցել ենք 2004-2007 թվականներին: , եւ դա ոչ մի լավ բանի չի բերել, մշակող արդյունաբերությունը, կարելի է ասել, ոչնչացել է այդ տարիներին: Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք, որ չկրկնվի այդ սցենարը:

Մենք քննարկումների մեջ ենք, փորձում ենք գտնել լուծումներ, համոզել գործընկերներին, որ պետք է գտնել գնաճը կանխելու այլ գործիքակազմ, ոչ թե արհեստականորեն արժեւորել դրամը»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով արտահանման խն դիրներին, նա ասաց. «Մենք փորձում ենք դիվերսիֆիկացնել մեր արտահանման շուկաները եւ նաեւ արտահանման ապրանքները: Այդ տեսանկյունից ռուսական ռուբլու հետ ավելի  մեծ կպվածությունը դրան ոչնչով չի օգնում: Դա չի նշանակում, որ մենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման կողմնակից չենք,  մենք այդտեղ տեսնում ենք մեծ հնարավորություններ: Բայց մենք նաեւ տեսնում ենք շատ մեծ հնարավորություններ դա անելու Չինաստանի, ԱՄՆ-ի, արաբական աշխարհի եւ բազմաթիվ այլ երկրների հետ»: