44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները այս պահին հավաքվել են գլխավոր դատախազության շենքի մոտ: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը լրագրողներին ներկայացրեց, թե ինչ նպատակով են այստեղ. «Ներկայացնում են հաղորդում հանցագործության կատարման մասին. Խոսքը ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպման ժամանակ իր ոչ պատշաճ պահվածքի մասին է: Եթե չխառնվեին ծնողները, այդտեղ լինելու էր ծեծկռտուք: Դրանից բխող նաև միջնորդություն ենք ներկայացնում, որպեսզի մեր գործը ՔԿ-ից տեղափոխվի ԱԱԾ: Ոչ վաղ անցյալում այս աստիճանների վրա կանգնած Արթուր Դավթյանն ասաց, որ ձեր պայքարն արդար է: Առաջին 5 օրերին պարզ կլինի, դրանք լոկ բառեր են, թե դրանք նաեւ իմաստ ունեն: Մենք հիմա չենք ուզում բարձրանալ դատախազի մոտ, ընդամենը գործերն են հանձնում»,-ասաց նա:

Զոհված զինծառայողի հայրը չցանկացավ մանրամասնել, թե կոնկրետ ինչ միջադեպ է գրանցվել զոհված զինծառայողների ծնողների եւ Արգիշտի Քյարամյանի հետ. «Ծնողների հետ խոսակցությունը բառիս բուն իմաստով փողոցային ռազբորկա էր:

Խոսքը գնացել է դավաճան, թուրք Փաշոյին հարցաքննելու եւ ձերբակալելու մասին: Մեզ պետք էր մի հարցի պատասխան, երբ է դա լինելու, օր եւ ժամ:  Եթե 5 օրում գործը գնա ԱԱԾ, ապա Քյարամյանի հետ տեղի ունեցածի մասին չի բարձրաձայնվի, դա կմնա մեր մեջ»,-ասաց Վիգեն Ազատյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ քննվող քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

Հակակոռուպցիոն կոմիտեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգել էր:

Ավելի ուշ գործի վարույթը փոխանցվել էր ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն: Զոհված զինծառայողների ծնողները Զինվորական քննչական վարչությունում քննվող քրեական գործով ճանաչվել են տուժողի իրավահաջորդներ։

Միջնորդություն էին ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, Փաշինյանը, սակայն, մինչ օրս չի հարցաքննվել։