Կդժվարանամ ասել, թե ինչպես է որոշումը կայացվել, որովհետեւ ես ստացել եմ առաջարկ: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով իրեն Գլխավոր դատախազի թեկնածու առաջադրելու ՔՊ-ի որոշմանը:

«Խնդրել եմ ժամանակ մտածելու համար մեկ օր, ես համաձայնել եմ: Ունեմ իրավաբանի որակավորում եւ բակալավրի, եւ մագիստրատուրայի, եւ նաեւ իրավագիտության թեկնածու եմ, նաեւ քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ եմ: Ինչու մեկ օր, կշռադատված եւ առանց էմոցիայի որոշում կայացնելու համար: Ցանկացած կարեւոր որոշումից առաջ ես մեկ օր վերցնում եմ, դա իմ սովորությունն է»,-ասաց նա:

Անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավորների հետ իր հանդիպմանը, Աննա Վարդապետյանն ասաց. «Նշաձողերի վերաբերյալ քննարկումներ չեղան: Նշաձողն ինձ համար բոլոր պաշտոններում եղել է պրոֆեսիոնալիզմը: Իմ ամենամեծ քննադատն իմ ընտանիքն է, իմ հայրն է, ինձ համար միշտ կարեւոր է իր խիստ քննադատական հայացքը:

Այո, պատասխանատվությունն ահռելի է, կարծում եմ՝ իմ գիտելիքներն ինձ հնարավորություն կտան արդարացնելու հանրային ակնկալիքը»:

ԱՆնա Վարդապետյանը խոսեց նաեւ գործող գլխավոր դատախազի մասին՝ նշելով. «Արթուր Դավթյանի պրոֆեսիոնալիզմը թույլ է տվել համակարգը 2018-ից հետո մաքսիմալ պրոֆեսիոնալ, ապաքաղաքական եւ ինքնավար դիրքում պահել: Այդ նշաձողը պետք է պահել եւ ավելի բարձրացնել»:

Այսօր ավելի վաղ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողներին հայտնել էր, որ Գլխավոր դատախազի իրենց թեկնածուն վարչապետի օգնական Աննա Վարդապետյանն է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

ՔՊ-ն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը. Կոնջորյան