Խորհրդարանն օրեր առաջ վավերացրեց ԱՊՀ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը, որը Հայաստանին հնարավորություն է տալիս օգտվել Ռուսաստանի ռազմական նշանակության տիեզերական սարքերի ռեսուրսից։
Համաձայնագիրը, սակայն, Հայաստանը վավերացրել է վերապահումով, որ հետագայում առանձին որոշումներ կկայացնի համաձայնագրին միացող երկրների վրա համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ։ Վերապահումն ամենայն հավանականությամբ վերաբերում է Ադրբեջանին, որը դեռեւս չի միացել համաձայնագրին։
NEWS.am-ի հետ զրույցում Տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի կապի եւ տեղեկատվայնացման վարչության նախկին պետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն ասաց, որ համաձայնագիրը էական նշանակությու չունի Հայաստանի համար, քանի որ մինչ այս էլ մեր երկիրը կախված համագործակցության մակարդակից՝ կարողացել է օգտվել Ռուսաստանի տարբեր նշանակության տիեզերական սարքավորումներից։
«Այս համաձայնագրի մեջ որեւէ բացասական բաղադրիչ տեսնել պետք չէ, բայց սա ԱՊՀ շրջանակներում կարելի է դիտարկել որպես ինտեգրացիոն գործընթաց։
Մենք մշտապես օգտվել ենք ռուսական ռեսուրսներից եւ անպայման չի դրա անունը դնել ռազմական եւ ասել, որ մենք օգտվում ենք ռազմական նշանակության ռեսուրսներից։ Մենք, ինչպես նաեւ այլ երկրներ, մշտապես կարողացել ենք օգտվել ռուսական ռեսուրսներից, դրա անունը դնելով, օրինակ, գյուղատնտեսական նշանակության, կադաստրային նշանակության նկարահանում։
Եթե ռուսական կողմը ցանկություն չունեցավ մեզ տրամադրել ինչ–որ ռեսուսրներից օգտվելու հնարավորություն, ապա այս համաձայնագիրը մեզ ոչինչ չի տալու։
Համաձայնագիրը վերապահումով վավերացնելը ենթադրում եմ, որ վերաբերում է Ադրբեջանին, բայց սա զուտ ֆորմալ գործընթաց է, եւ սա այն դեպքը չէ, որ մենք պետք է «ատամ ցույց տանք» Ադրբեջանին։ Ադրբեջանը սրա կարիքը չունի եւ եթե նույնիսկ անդամակցի եւ մենք մտածենք, որ մի օր պետք կլինի օգտվել սրանից եւ Ադրբեջանը կարող է վետո դնել, ապա եթե նա չլինի, Բելառուսը կարող է վետո դնել, կալ էլ Ռուսաստանը պարզապես թույլ չի տա օգտվել իր ռեսուրսներից։
Ադրբեջանը ռուսական արբանյակների հույսին չէ, որ մնացել է, նա ունի իր սեփական երեք արբանյակները, դրանից բացի ակտիվորեն մուտք ունի թուրքական արբանյակներ, որոնք շատ քիչ են զիջում ռուսականին, եւ եթե Ադրբեջանը ցանկանա մուտք ունենալ ռուսական արբանյակներ, ապա այս համաձայնագրի հիման վրա չէ, որ կարող է մուտք ունենալ, իր ուղիղ կապով կարող է ունենալ, ինչպես ժամանակին մենք ենք ունեցել»,– մեկնաբանեց Սուրեն Պետրոսյանը։











