Նախորդ շաբաթ Հայաստան այցելեց Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, հանդիպումներ ունեցավ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի եւ վարչապետի հետ, որոնց ընթացքում նորից շեշտեց ռեգիոնալ զարգացումների հետ կապված Իրանի դիրքորոշումները։ Երեւանը Շամխանիի առաջին կանգառն է․ հաջորդ այցը նախատեսված է Բաքու։

Ո՞րն էր Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարի այցի նպատակը, ի՞նչ ուղերձներ էր նա իր հետ բերել Երեւան եւ ինչպես են Իրանում ընկալում մեր տարածաշրջանում կատարվողն առհասարակ․ այս հարցերի շուրջ «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման հերթական թողարկմանը Հայկ Սահակյանը զրուցել է միջազգային հարաբերությունների հարցերով իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանի հետ։

Շամխանին իրանական իշխող վերնախավի առանցքային դերակատարներից է, իսկ Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը՝ երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու առաջնային օղակներից մեկը։ Ինչի՞ մասին է հուշում հենց նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան եւ սպասվող այցերը տարածաշրջանային մյուս երկրներ, ինչպե՞ս են Իրանում այժմ ընկալում ղարաբաղյան հակամարտությունը, դրա կարգավորման հեռանկարներն ու Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մնացած ուղղությունները, ի՞նչ է ակնկալում Թեհրանը Երեւանից։ Այս թեմաների շուրջ դիտեք հարցազրույցն Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարեն Խանլարյանի հետ։