Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած ձեւաչափով օգնություն ցուցաբերել Հայաստանին եւ Ադրբեջանին, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Մենք մեր հայտարարություններում, այդ թվում, կարծում եմ, երեկվա հայտարարության մեջ հստակ հասկացրել ենք, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած ձեւով, ամենաարդյունավետ ձեւաչափով աջակցել այս երկու երկրներին եւ մեր համախոհ գործընկերներին։ Մենք Մինսկի խմբի համանախագահն ենք 1994 թվականից, բայց, ինչպես ցույց տվեցինք, պատրաստ ենք նաեւ երկկողմանի հարաբերություններ հաստատել երկրների հետ՝ Հայաստանին եւ Ադրբեջանին այդ երկարաժամկետ, համապարփակ խաղաղությունը գտնելու հարցում օգնելու համար»,- ընդգծել է Փրայսը:

Նա պատասխանել է նաեւ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցների ընթացքում ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ​​երկու կողմերի համար գործընթացը դյուրացման հարցում աջակցության մասին հարցին։

«Դա նշանակում է, որ մեզ հաջողվել է, ինչպես կարծում ենք, որոշակի առաջընթացի հասնել, եւ այս գործում մեր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ մշտական ​​շփումների ու դիվանագիտական ​​զրույցների շնորհիվ կկարողանանք շարունակել այդ դինամիկան: Ուստի պետքարտուղարը հավանաբար մի շարք բանակցություններ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ, սակայն այդ շենքում կան մի շարք մարդիկ՝ ավագ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր իրենց գործընկերների հետ փոխգործակցել են բոլոր մակարդակներում՝ այդ դինամիկան շարունակելու եւ շարունակելու մեր աջակցությունն առաջարկել խնդիրների լուծման հարցում, քանի որ մենք երկարաժամկետ, համապարփակ խաղաղության ենք ձգտում»,- ասել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը: