Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ հուլիսի 28-ին, անդրադարձավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ դատարանի դահլիճում մահվան դեպքին: Ասաց՝ առիթ չի ունեցել ասելու՝ իր խորը ցավն է արտահայտում:

«Ցանկացած մարդու մահ ողբերգություն է, տվյալ դեպքում մենք հրապարակել ենք, որ ՔԿՀ-ում չի եղել բժշկական թեկուզ  մեկ խնդիր, որը տեղում չի լուծվել իր հետ կապված, լուրջ խնդիրներ, լուրջ բողոքներ չեն եղել, որ վերանայվի խափանման միջոցը», - կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է մյուս բոլոր կալանավորներին, ովքեր ունեն առողջական խնդիրներ, նախարարն ասաց, թե ամեն ինչ անում են, որ ոչ մի ազատազրկված անձ չունենա առողջական պրոբլեմ: «Մենք իրենց մասին իսկապես հոգ ենք տանում», - վստահեցրեց Անդրեասյանը:

Նա ընդգծեց՝ ցանկացած ողբերգություն պետք է ազդակ լինի բոլոր մարմիններին, այդ թվում՝ դատարաններին, էլ ավելի ուշադիր նայել, երբ բողոքներ կան ազատազրկված  անձանցից. «Ես հույս ունեմ, որ առանձին մարդիկ չեն շահարկի կամ չարաշահի որևէ դեպք, որևէ ողբերգություն, որպեսզի կեղծ առողջական խնդիրների անվան տակ փորձեն խուսափել արդարադատությունից: Սա բալանսավորելու խնդիր է, մենք աշխատում ենք»:

Ինչ վերաբերում է կոնկրետ գործին, Անդրեասյանն ասաց. «Ողբերգությունը չի փոխում իրավաբանական հիմքերը: Ինչ վերաբերում է կոնկրետ գործերով իրավաբանական հիմքերին, ես չեմ կարող դրանց գնահատական տալ: Իմ գնահատականը՝ արդար է գործել դատավորը, թե ոչ, դա ապօրինություն է, քրեորեն պատժելի արարք է: Եթե որեւէ նախարար կորոշի գնահատական տալ դատավորի աշխատանքին, դա իրավախախտում է: Մենք չենք կարող մեր պաշտոնական պարտականություններից դուրս գալ ու խախտել օրենքն ու Սահմանադրությունը»: