Ղրիմը, Ազովի ծովը, Ղրիմի կամուրջը պաշտպանելու համար մենք դատապարտված ենք ունենալ Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։
«Մոտ ժամանակներս այնտեղ հանրաքվեներ կանցկացվեն, եւ Խերսոնը, Զապորոժիեն, Դոնեցկը, Լուգանսկը կմիանան Ռուսաստանին։ Այստեղ որեւէ կասկած չկա։ Բացի այդ, կասկած չկա, որ մենք ստիպված կլինենք վերցնել Օդեսան եւ Նիկոլաեւը եւ ուղիղ տարածքային կապ ստանալ Մերձդնեստրի հետ։ Պրիդնեստրովյեում խոսում են ամենամաքուր ռուսերենով, դա մեր հողն է։ Ահա, այսպես է դասավորվում նոր քարտեզը նախկին Ուկրաինայի տեղում, եւ այստեղ ոչ մի Մակրոն պետք չէ»,- ասաց նա։
Այս իրավիճակում ԶԼՄ-ի ղեկավարը զարմանք հայտնեց Հայաստանի վարած քաղաքականության կապակցությամբ. «Չէ որ դուք տեսնում եք, թե ուր է գնում գնացքը: Պետք չէ խորամանկություն անել: Ուզու՞մ եք խաբել Ռուսաստանին, որտե՞ղ եք ուզում խորամանկության դիմել»,- ասաց Կոլերովը։ Նա համոզմունք հայտնեց, որ Կոսովոյի օգնությամբ չի ստացվի շեղել Ռուսաստանի ուշադրությունն Ուկրաինայի ազատագրումից։ «Կոսովոյում Սերբիայի կապիտուլյացիան ոչ մի կերպ չի ազդի Ռուսաստանի դիրքորոշման վրա։ Սերբիայի ազգային շահերը պաշտպանելու Վուչիչի կարողությանն այստեղ չեն հավատում։ Այս ամենը եւս լուրջ դաս է նաեւ Հայաստանի համար։ Պետք չէ հուսալ, որ այս լուրջ պայքարում, փորձելով նստել երկու աթոռների արանքում, հաջողության կհասնես։ Չի ստացվի: Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ղազախստանն անջատվում Ռուսաստանից, ինչպես է Հայաստանը անջատվում Ռուսաստանից, բայց դա չի օգնի»,- ասաց Կոլերովը։
Նրա խոսքով՝ իրականում Ուկրաինայում պայքարում միայն Բելառուսն է Ռուսաստանի կողմից, ոչ Ղազախստանը, ոչ Հայաստանը, ոչ էլ մյուսները Ռուսաստանի կողմից չեն։ «Ռուսաստանը չի կարող հույս դնել նրանց օգնության վրա։ Ռուսաստանը գրեթե մենակ մնաց հետխորհրդային տարածքում, բայց աշխարհում պետությունների 2/3-ը չաջակցեց Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին։ Եվ այժմ Ալժիրը՝ Հարավային Եվրոպայի հիմնական այլընտրանքային գազի մատակարարը, խնդրում է միանալ ԲՐԻՔՍ-ին, որում ներառված են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավային Աֆրիկան: Ռուսաստանը, Չինաստանի հզորության շնորհիվ, կրկին հայտնվում է այլընտրանքային դաշինքում։ Ժամանակը մեր օգտին է աշխատում, ձմեռը մոտ է, ճշմարտության պահը՝ նույնպես։ Եվ այս պայմաններում բանակցելու Արեւմուտքի բոլոր փորձերն Ուկրաինայում Ռուսաստանի կապիտուլյացիայի շուրջ բանակցելու փորձեր են։ Որպես փոխզիջման գագաթնակետ է հնչում այն, որ Ղրիմը, Լուգանսկը եւ Դոնեցկի շրջանները մերն են։ Առանց այդ էլ դրանք արդեն 8 տարի է, ինչ մերն են»,- եզրափակեց նա։











