Քանի դեռ ռազմավարական իրավիճակը փխրուն է, պատերազմի վտանգը միշտ կա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, երկրի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ եթե տարածաշրջանում մանր սադրանքները դիտարկել գլոբալ գործընթացների համատեքստում, ՀԱՊԿ տարածքի շրջանակներում՝ մեր ռազմավարական դաշնակցի հետ կապված, ապա այդ համատեքստում ցանկացած պահի կարող է լայնածավալ պատերազմ սկսվել։
Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը, այսպես կոչված խաղաղության պատրանքներն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից նա կեղծ անվանեց:
«Փորձը ցույց է տալիս, որ խաղաղություն չեն մուրում։ Արժանապատիվ խաղաղության համար ազգային եւ միջազգային երաշխիքներ են նախապատրաստում։ Այսօրվա իշխանությունների համար խաղաղությունը երաշխիքն է, մինչդեռ խաղաղությունը գործընթացի արդյունք է։
Ազգային երաշխիքները կապված են ներքին միասնության, տնտեսության եւ ժողովրդագրության հետ, իսկ միջազգային երաշխիքները՝ արտաքին քաղաքականության, գրագետ ռազմավարության եւ մարտավարության վրա հիմնված ճիշտ քաղաքականության վարման հետ, որոնք ստուգված գործընկերության եւ դաշնակցային համագործակցության շրջանակներում կարող են ազդել թշնամու վրա, որպեսզի վերջինս ուժ չկիրառի»,- նշեց Օհանյանը։
Այս բոլոր ոլորտներում գործող իշխանությունները 2018-ից կամ 44-օրյա պատերազմից հետո ոչինչ չեն արել։ Ավելին, ոչնչացրել են նախկինում գոյություն ունեցող կառույցները:
«Տարածաշրջանում խնդիրներն ակնհայտ են, հարեւանների սպառնալիքները շատ արագ են մոտենում Հայաստանին, իսկ իշխանությունները զբաղված են կեղծ խաղաղության օրակարգով, կենցաղային խնդիրներով, իսկ կառավարության ղեկավարն արձակուրդում է։ Իշխանությունները չեն գիտակցում հայ ժողովրդի գլխին կախված առաջնահերթություններն ու խնդիրները եւ ռազմաքաղաքական իրավիճակին համարժեք որոշումներ չեն ընդունում:
Ե՞րբ եք վերջին անգամ բարձրաստիճան պաշտոնյաներին (վարչապետ, ԱԺ նախագահ, պատգամավորներ եւ այլոք) տեսել Արցախի մարտական դիրքերում։ Նրանք լվացել են ձեռքերը Արցախից եւ, հանձնելով ամեն ինչ, գնում են «խաղաղության» ճանապարհով»,- շեշտեց նախկին նախարարը։
Նա վստահ է, որ դրսից ոչ ոք խրամատ չի փորի հայերի համար եւ պաշտպանությունը չի ամրացնի։ Ուստի, եթե մենք ինքներս մեզ չուժեղացնենք, ուրեմն ոչ ոք մեզ չի օգնի։ Այլ բան, որ ռազմավարական դաշնակցի օգնությունն ամեն դեպքում անհրաժեշտ է տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից Թուրքիայի հետ հարաբերությունների շրջանակներում:
«Եթե Արցախի պաշտպանության բանակի եւ ադրբեջանական ուժերի շփման գծում ժամկետային զինծառայողներ չկան, ապա անհրաժեշտ է արագ ընդլայնել պայմանագրային զինծառայողների շրջանակը։ Իսկ իշխանությունները հավանաբար Ալիեւին խոստացել են, որ ՊԲ-ն դուրս է բերվելու Արցախից։ Դա իր պատմական տարածքում ապրող Արցախի ժողովրդի՝ թշնամուն հանձնում է նշանակում։ Եթե ՊԲ-ն չկարողանա լիարժեք կատարել իր առջեւ դրված խնդիրները, ապա Արցախում հայ չի մնա»,- հավելեց Օհանյանը։
ՀՀ իշխանությունները, նրա կարծիքով, չեն գիտակցում, թե ինչ աղետի են հասցրել Հայաստանն ու հայ ժողովրդին։
«Փոխարենը նրանք փորձում են շեղել ուշադրությունը՝ հայտարարելով, թե իբր աննախադեպ սոցիալ-տնտեսական օգնություն են ցուցաբերում Արցախին: Իսկ նախկինում Արցախի ժողովուրդն այդպիսի դժվարությունների բախվե՞լ էր, այդ թվում՝ անվտանգության, տնտեսության, ժողովրդագրության մասով։ Այս ամենի համար իշխանությունները պատասխանատվություն կկրեն։ Իշխանությունների գործողությունները ցույց են տալիս, որ նրանք իրենց անգրագիտության պատճառով չեն տիրապետում որոշումների կայացման ընթացակարգերին կամ նրան անգործության մեջ դիտավորություն կա։ Մենք հակված ենք վերջինին»,- ասաց խմբակցության ղեկավարը։
Օհանյանը նաեւ կարեւորեց տեղեկատվական աջակցությունը՝ որպես ռազմական գործողությունների կարեւոր բաղադրիչ՝ հասարակության մեջ խուճապից խուսափելու համար։
«Երբ իշխանությունները համապատասխան տեղեկատվություն չեն տրամադրում, հասարակությունն ինքն է սկսում տեղեկատվություն կամ լուրեր տարածել։ Իշխանություններն իրենք պետք է ժամանակին ճշմարտացի տեղեկատվություն տրամադրեն, փարատեն բնակչության մտահոգությունները։ Ես ժամանակին կարգադրել էի, որպեսզի տեղեկատվությունը տրվի հստակ եւ ժամանակին։ Տեղեկատվական պատերազմը շատ կարեւոր է, հատկապես՝ ռազմական գործողությունների սկզբնական փուլում»,- եզրափակեց ՀՀ ՊՆ նախկին ղեկավարը։











