Հայաստանի ժամանակավոր կառավարությունը փորձում է խոչընդոտներ ստեղծել Հայաստան-Սփյուռք միասնության մեջ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում ասաց ԱՄՆ Դաշնակցության թևի ներկայացուցիչ Տարոն Ասատուրյանը:

Նա ընդգծեց, որ Սփյուռքում իրենց սովորեցրել են, որ Հայաստանը իրենց հայրենիքն է, եւ երբ ցանկանան կարող են գալ, բայց այսօր այլ պատկերի են ականատես լինում:

«Երկու երկիր կա, որոնց սեւ ցուցակներում հայերի անուններ կան՝ Թուրքիան  եւ Ադրբեջանը: Բայց մի քանի օր առաջ իմացա, որ Հայաստանի Հանրապետությունը միացավ նրանց: Այդ երկրներում որոշ հայերի թույլ չեն տալիս մուտք գործել իրենց երկիր: Մենք ցանկանում ենք համագործակցել մեր հայրենակիցների հետ, որպեսզի ավելի ամրացնենք այն կամուրջը, որը տասնամյակներ շարունակ ամուր է եղել: Մենք չենք կարող ընդունել այս իշխանությունների՝ մեր կուսակցության հանդեպ թիրախավորված գործողությունները »,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 3-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպել Հայաստանի ԱԳՆ-ի դիմաց՝ ընդդեմ սփյուռքահայերի Հայաստան մուտք գործելու ապօրինի արգելքի:

Վերջին օրերին երեք սփյուռքահայ դաշնակցական գործիչների՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանին, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանին եւ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանին թույլ չի տրվել մուտք գործել Հայաստան։