Կառավարության անդամներն այսօր՝ օգոստոսի 4-ին, հերթական նիստը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին նախօրեին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների արդյունքում զոհված երկու զինծառայողների հիշատակը։

«Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ իրավիճակը ծայրահեղ սրվել է։ Տեղի ունեցած մարտերի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի 19 զինծառայող վիրավորվել է, 2 զինծառայող՝ զոհվել։ Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայողների հիշատակը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:

Եվս 19 զինծառայող ստացել են վիրավորումներ։ Նրանցից երեքը ծանր վիճակում են, մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Վիրավորներից մի քանիսը տեղափոխվել են Երեւան։

Նշենք, որ զոհված Արթուր Խաչատրյանը Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղից էր, ամուսնացած էր, ուներ 4 երեխա, իսկ Գուրգեն Գաբրիելյանը Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի նախկին գյուղապետն էր։ Նա եւս ամուսնացած էր եւ ուներ երեխաներ։ Նրանք երկուսն էլ պայմանագրային զինծառայողներ էին։