Խաղաղապահներին մեղադրելուց առաջ կարո՞ղ են ասել, թե ինչ փաստաթղթով են մեղադրում, որ փաստաթղթում է գրված, թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն ռուսական խաղաղապահի զորքերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, մեղադրեց ռուս խաղաղապահների Արցախի անվտանգությունը պատշաճ չապահովելու մեջ:

«Դրա համար գոյություն ունի մանդատ, որը վավերացվում եւ հաստատվում է: Այնպես չէ, որ մենք կարող ենք նստել մի բան գրել ու ասել՝ սա է մանդատը: Մինչեւ չհրապարակվի մանդատի փաստաթուղթը, որտեղ հստակ գրված կլինի, թե որ վայրկյանին, ինչ դեպքի հետ կապված ինչեր ունենք անելու: Փաշինյանը խոսեց ինչ-որ երկկողմ փաստաթղթի մասին: Ես որքան հիշում եմ, մեզ անընդհատ ասում էին՝ որեւէ այլ փաստաթուղթ չկա, բացի նոյեմբերի 9-ի փաստաթղթից: Հետո պարզվեց, որ մայիսի կղմերը կա բնավոր պայմանավորվածություն, հետո պարզվեց, որ կա նաեւ գրավոր, հետո մեզ ասում են՝ որեւէ բան չի բանակցվում, հետո պարզվում է՝ բանակցվում է: Ես հիշում եմ, որ Արցախի ԱԺ-ում Արցախի նախագահն ասում էր, որ Հայաստանը Արցախին կապող ճանապարհների հետ կապված մի քանի տարբերակ են մեզ առաջարկել, մենք չենք ընդունել, էս մի ճանապարհը մեզ համար ընդունելի է: Այդ ո՞վ է առաջարկել: Իսկ երեկ էլ մեզ ասացին, որ որեւէ պլան չի քննարկվել»,-ասաց նա:

Հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կառավարության նիստում այդպիսի ելույթ ունեցավ, Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Այստեղ հետաքրքիր է, թե ինչ՞ւ էր պետք, որ երեկ հենց այսպիսի բացատրություններ հնչեին: Միգուցե միջազգային հանրությանը ինչ-որ մեսիջներ էր փորձում փոխանցել: Դրա հետ մեկտեղ ասում է՝ Ալիեւը այդ փաստաթուղթն արհամարհում է: Եթե արհամարհում է, քո հղումներն այդ փաստաթղթին ո՞ւմ է պետք: Երեկ հենց ինքը դրեց հիմնավորումը նոյեմբերի 9-ի փաստաթղթի չեղարկման գործընթացում, որովհետեւ Ալիեւն այդ փաստաթղթով չի առաջնորդվում: Երեկ ինքը դա էր ասում: Ես ոնց հասկացա, Ալիեւի համար այդ փաստաթուղթն արդեն նետված է աղբարկղը: իսկ մնացածի համա՞ր, որոնք ստորագրություն են դրել, իրենք ինչ են ասում»:

Թեւան Պողոսյանը կանխատեսեց, որ Ադրբեջանը շրունակելու է ճնծումները Հայաստանի վրա. «Եթե նույնիսկ փոքր դադարներ էլ լինեն, միեւնույն է ճնշումները շարունակվելու են»: