Թեեւ Հայաստանի ներկայիս իշխանություններն ամպագոռգոռ հայտարարություններ էին անում, թե «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ», իրականում իրենց գործողություններով նրանք ուղիղ կերպով հասկացնում են, որ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողներին ասաց «Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ գործող իշխանությունը շատ քայլեր է ձեռնարկում բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, եւ որ այդ տեսանկյունից ընդդիմության՝ նշված գործողությունները կանխելու հնարավորությունները սահմանափակ են։ Այդպես եղավ նաեւ Բերձոր եւ Աղավնո գյուղերից քաղաքացիների վտարման դեպքում։

Օհանյանը նաեւ հիշեցրեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ կողմերը պարտավորվել են աշխատել այլընտրանքային ճանապարհաշինության նախագծի համաձայնեցման շուրջ մինչեւ 2023 թվականը։

«Բացի այդ, փաստաթուղթը Հայաստանն ու Ղարաբաղը կապող 5 կմ լայնությամբ միջանցք է նախատեսում։ Շինարարական աշխատանքների իրականացման կոնկրետ ժամկետներ չեն նշվել, սակայն ադրբեջանական կողմը ժամանակից շուտ եւ առանց որեւէ համաձայնեցման  շինարարություն է սկսել»,- պարզաբանեց ընդդիմադիրը։

Ապա նա հարց ուղղեց, թե ինչո՞ւ հայկական կողմը նույնպես որոշեց խախտել եռակողմ հայտարարության դրույթները եւ ինչո՞ւ է պաշտոնական Երեւանը գնում բանավոր պայմանավորվածություններ իրականացմանը։

«Կողքից նայելիս այնպիսի տպավորություն է, որ մի կողմից ՀՀ գործող իշխանության, Ղարաբաղի իշխանությունների եւ ռուսական կողմի եւ մյուս կողմից Ղարաբաղի պաշտպանության բանակի եւ ռուսական խաղաղապահ զորախմբի միջեւ լուրջ բաց կա»,- ասաց Օհանյանը։

Պատգամավորը չբացառեց նաեւ ստվերային շփումների հնարավորությունը Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ։