Առավել քան բավարար են հիմքերը Նիկոլ Փաշինյանին հանցագործ ճանաչելու եւ ձերբակալելու համար: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30-ին, Գլխավոր դատախազության դիմաց զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհվածի մայր Ալիսա Գեւորգյանը:
«Հանցավոր անտարբերությունից, անգործությունից, չկշռադատված որոշումներից մինչեւ դավաճանական գործողություններ: իսկ թե ինու այս մարդիկ չեն ձերբակալվում, բոլորս էլ գիտենք դրա պատասխանը, բոլորս ապրում ենք նույն իրականության մեջ: Էս մարդիկ իրենց ապագան են կառուցում մեր երեխաների, այն արցախցիների հաշվին, որոնք բնավեր, տնավեր են դարձել, Աղավնոյի այն երեխաների հաշվին, որոնք արցունքն աչքերին իրենց տունն այրելով դուրս եկան իրենց տներից: Էս մարդիկ մեր եւ էդ մարդկանց հաշվին իրենց երեխաների ապագան են կառուցում: Ես շատ կուզեի, որ իրենց դատաստանն իրենց զավակների ձեռքով գար»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ ժամեր առաջ ձերբակալվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, զոհվածի մայրն ասաց. «Ցանկացած գործողություն պայմանավորված է հերթական բեմադրությամբ: Մենք մինչեւ չտեսնենք գլխավոր անձի, պատասխանատուի ձերբակալությունն ու արդար դատավարությունը, մինչեւ մինչեւ նրան հասնող բոլոր օղակների ձերբակալությունները մենք տեսել ենք բազմաթիվ «դավաճաններ», որոնց բռնել են, բերման են ենթարկել, հետո տեսել ենք, որ ազատ են արձակել եւ անգամ ներողություն չեն խնդրել, որ մարդկանց ասել են դավաճան, հետո բաց են թողել:
Ինձ համար գոյություն ունի մեկ ոճրագործ, որի իշխանության գալու առաջին օրից ակնհայտ էր, թե նա ինչ է անում բանակի հետ: Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները բանակի հետ, այս պատերազմի նախապատրաստական աշխատանքն էր: Այն, ինչ կատարվեց պատերազմի ժմանակ, դրա հետեւանքն էր, իսկ այն, ինչ կատարվում է հիմա, այդ ամենի շարունակությունն է: Ինձ իրենից բացի ոչ ոք չի հետաքրքրում, չնայած հանցագործները շատ են»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ապրիլի վերջից բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։ Ծնողները պահանջում են Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու որոշում կայացնել:











