Իշխանությունները, ելնելով իրենց հրապարակային հայտարարություններից, հանգիստ կարող են Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թեւան Պողոսյանը։
«Միակ բանը, որ անում են իշխանությունները, կշտամբում են Արցախին՝ նրանց փող տալու համար։ Բայց նրանք մոռանում են, որ Արցախն ու Հայաստանը միասնական տնտեսություն են եղել»,- հիշեցրեց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ներկայիս իշխանության օրոք Հայաստանը նոր պարտություններ կկրի, պարտվող իշխանությունները նոր պարտություններ կկրեն։
Փորձագետը նկատեց, որ Բրյուսելում կայանալիք հանդիպմանը Հայաստանի համար պետք է մտահոգվեր միայն մեկ մարդ, որը, եթե, իհարկե, անհանգստանար, պետք է հասկանար, որ պատերազմում պարտված իշխանությունը պետք է հեռանա։
«Ներկայիս բացասական գործընթացները կարելի է կասեցնել։ Բայց, ցավոք, իշխանությունները հասարակությանը դեպի պառակտում են տանում եւ սպասարկում են թշնամիների շահերը։ Իշխանությունները չկարողացան ապահովել նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարության վատ կետի կատարումը՝ Բերձորի վերաբերյալ»,- հավելեց նա։
Ադրբեջանից Նախիջեւան ճանապարհը, կախված Հայաստանի վարած քաղաքականությունից, քաղաքագետի գնահատմամբ, կարող է միջանցքայինից ավելի վատ տրամաբանություն ունենալ։ Ալիեւը հենց այս մասին է խոսում։
«Կկարողանա՞ն արդյոք Հայաստանի իշխանությունները ապահովել, որ Ադրբեջանից Նախիջեւան ճանապարհը լինի ճանապարհ, իսկ դեպի Արցախ ճանապարհը՝ միջանցք։ Հայտարարության մեջ գրված է Բերձորի միջանցքի մասին, սակայն այն իրականում միջանցք չէ, քանի որ կա արտաքին միջամտություն այս ճանապարհով ազատ տեղաշարժի համար։ Եղե՞լ են արդյոք վերջին շրջանում դեպքեր, երբ Ադրբեջանն այս կամ այն օրակարգի հարց բարձրացներ, որին հետեւեր Հայաստանի ժխտումը, եւ Երեւանն ի վերջո ճիշտ դուրս գար։ Ես չեմ հիշում։ Այս անգամ ՀՀ իշխանությունները նույնիսկ չհերքեցին, այլ «լղոզեցին»։ Հիմնվելով նախկին փորձի վրա՝ կարելի է ասել, որ հենց այդպես էլ կլինի (կքննարկվի խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստելու աշխատանքային խումբ ստեղծելու հարցը-խմբ.)»,- պարզաբանեց Պողոսյանը։
Նա ընդգծեց, թե թշնամին ասում է, որ Արցախ չկա, միջնորդները խոսում են ինչ-որ կարգավիճակի մասին, բայց այս ընթացքում երբեք չեն փորձել պարզաբանել իրենց խոսքերը։ «Միջազգային գործընկերներն ասե՞լ են նշաձողն իջեցնել։ Մինչեւ ի՞նչ մակարդակ իջեցնել: Անկախության կարգավիճակից ցա՞ծր։ Հայաստանի իշխանություններն ասե՞լ են, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։ Չեն ասել ու չեն ասում»,- եզրափակեց փորձագետը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը։











