Գերագույն գլխավոր հրամանատարից մինչեւ դասակի հրամանատար պետք է հարցաքննվեն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, որը եկել էր Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ պահանջելու՝ կալանավորել Նիկոլ Փաշինյանին։
Նրա կարծիքով՝ եթե անգամ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ, ապա պետք է ինքը մեղավորների անուններ հնչեցնի. «Մենք բազմիցս ենք հավաքվել գլխավոր դատախազության շենքի առջեւ՝ պահանջելով քրեական գործ հարուցել երկրի գերագույն գլխավոր հրամանատարի դեմ, անհապաղ ձերբակալել նրան ու հարցաքննել: Մենք դեռեւս որեւէ արդյունքի չենք հասել: Նորից պահանջում ենք, որ երկրի գլխավոր հրամանատարը կանգնի դատարանի առջեւ եւ պատասխանի այն հարցերին, որը հուզում է որդեկորույս ծնողներին»,- ասաց զոհվածի ծնողը:
Նա ասաց, որ զոհվածների ծնողները պահանջում են ասել, թե ինչ հանգամանքներում են զոհվել իրենց որդիները եւ ինչու չի կանգնեցվել պատերազմը, եթե դրա հնարավորությունը կար.
«Ես միշտ ասել եմ, որ գուցե շատ զոհեր էին պետք, եւ թվաքանակ էր իրենց անհրաժեշտ: Թող ինքը այդպես էլ ասի, որ որոշել է ունենալ ինչ որ քանակի զոհեր, նոր դրանից հետո պատերազմը կանգնեցներ: Փաշինյանը ասել է, որ եթե շուտ կանգնեցներ պատերազմը իրեն դավաճան կանվանեին.մեկ անձի ես-ը ավելի կարեւոր էր, քան 5 հազար երեխաների կյանքը: Եթե նույնիսկ հրամանատարները տեղում չեն եղել մեղավորը երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է, ինքը պետք է պատասխան տա»։
Հարցին, իր կարծիքով, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի, զոհվածի հայրը պատասխանեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որ արդարադատություն հաստատվի. «Մենք այսօր արդարադատություն ենք պահանջում: Մենք մինչեւ վերջ գնալու ենք: Այլեւս կորցնելու ոչ մի բան չունենք»։
Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Գլխավոր դատախազության մոտ։ Նրանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջում են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրել եւ կալանավորել։ Զոհվածների ծնողներին Դատախազությունից որեւէ ներկայացուցիչ չի մոտեցել։ Ծնողները որոշել են նույն պահանջով պարբերաբար բողոքի ակցիաներ անցկացնել։
Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները պահանջում են քրեական գործ հարուցել՝ առերեւույթ պետական դավաճանության հոդվածով եւ հենց այդ հոդվածով էլ վարչապետին մեղադրանք առաջադրել։ Հիշեցնեմ, դեռեւս մի քանի ամիս առաջ Արթուր Դավթյանը ցուցում էր տվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու գործով Քննչական կոմիտեում հարցաքննել Փաշինյանին, ինչը, սակայն այդպես էլ տեղի չի ունեցել։











