Մենք հիմնականում երկու հարց ունենք, որոնք մինչ օրս չեն լուծվել. մեկը մեզ կարգավիճակ տալու հարցն է, մյուսը բնակարանային ապահովման հարցերն են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կառավարության դիմաց քաշաթաղցիների բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ տնօրեն Կարինե Մովսիսյանը:
«Կարգավիճակի հետ կապված ընդհանրապես ոչ մեկը ձայն չի հանում, կարծես նման հարց չկա: Իսկ բնակարանային ապահովման համար առաջարկվել է ծրագիր, որը ի սկզբանե մեզ համար անընդունելի է եղել, բայց հասկանալով պետության վատ վիճակում լինելը, քանի որ ասել են, սա շատ արագ է լինելու, ինչ-որ մարդիկ համաձայնել են ծրագրին: Հետագայում, երբ արդեն կոնկրետ էինք ծանոթանում ծրագրին, հասկանում էինք, թե ինչքան վտանգավոր է այն քաշաթաղցիների համար: Նախ, հիփոթեքային վարկ հասկացությունն են մտցրել ծրագում եւ անունը դրել աջակցության ծրագիր: Ինքը չի կարող բավարարելն այն պահանջները, որ մենք ներկայացնում ենք: Հիփոթեքային պայմանը արդեն նշանակում է, որ մեր բնակարանները բանկում գրավ են մնալու 10 տարի ժամանակով: Բացի այդ, հաշվի չեն առել ընտանիքների կազմը, հաշվի չեն առել բազմազավակ ընտանիքներին: Հաշվի չեն առել, որ մարդիկ չեն կարողանալու այդ տունը ժառանգություն թողնել: Եթե, Աստված չանի, շահառուն մահանա, այդ ժառանգն ինքն է սկսելու վճարել գումարները:
Մենք համարում ենք, որ մենք Քաշաթաղում ունեցել ենք տներ, կյանք ենք ապրել, մեր տները գրավի տակ չեն եղել: Երկրորդ, մենք ռիսկային ենք համարում, որ կառավարությունը պետք է մուծի այդ վարկը, այդ թվում տոկոսները: Կառավարությունները այսօր կա, վաղը չկա, եթե հաջորդ կառավարությունը հրաժարվում է այդ վարկը մուծելուց, ի՞նչ են անելու շահառուները»,-ասաց նա:
Կարինե Մովսիսյանը շարունակեց, որ այդ ծրագրով առաջարկվում է մինչեւ 10 մլն դրամ, ինչն այնքան քիչ գումար է, որ ոչ մեկը չի կարողանալու դրանով տուն գնել. «Այսօր արդեն 15 շահառուի տվել են սերտիֆիկատ, 15-ից միայն մեկն է կարողացել վրան գումար ավելացնել եւ գյուղում տուն գնել: Մնացած 14-ը 3 ամսից ավելի չեն կարողանում այդ գումարով բնակարան գտնել: Բացի այդ, բանկն ուղարկում է գնահատող, նա իջեցնում է գումարի թիվը: Մեզ գցում են շրջապտույտի մեջ: Մենք կորցրել ենք տուն, բարի եղեք մեզ տնով ապահովել: Այդ ծրագիրը չի աշխատելու: Եթե 3 հազար շահառուից կարողանալու է օգտվել 100-200-ը, դա նշանակում է, որ դուք հարցը չեք լուծել, նշանակում է մարդիկ դուրս են գալու փողոց»:
Նա հայտարարեց, որ այսօր իրենք նստացույց ենք անելու եւ մնալու են այնքան ժամանակ, մինչեւ մեզ հստակ պատասխանեն, թե երբ են Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը մեզ հետ հանդիպելու:











