Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում իր ելույթում, խոսելով Ադրբեջանի հարձակման մասին, անդրադարձավ հարցին, թե արդյոք սա է խաղաղության օրակարգի արդյունքը եւ արդյոք այն, ինչ տեղի է ունենում, խաղաղության օրակարգի ձախողում չէ:

«Մենք բազմիցս ենք ասել, որ որդեգրելով խաղաղության օրակարգ, նաեւ հասկանում ենք, որ դա միայն մի սուբյեկտից կախված չէ, եւ ընդհակառակը, այս գործողություններով Ադրբեջանն ուզում է, փաստացի տորպեդահարում է խաղաղության օրակարգը, որովհետեւ խաղաղությունն այն միջավայրն է, որտեղ Հայաստանը կարող է զարգանալ մեծ տեմպերով, եւ կարող է ապահովել Հայաստանի ու ԼՂ անվտանգությունը:

Եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը հայտարարում են, որ խաղաղություն են ուզում: Այդ դեպքում ով է, որ իր հայտարարություններում անկեղծ չէ: Պետք է վերահաստատեմ, որ բլորն ուզում են խաղաղություն, խնդիրն այն է, որ յուրաքանչյուրը խաղաղություն ասելով հասկանում է պայմանների որոշակի խումբ, հասկանում են իրենց պատկերացումը խաղաղության մասին: Խաղաղությունը տեղի չի ունենում, երբ պատկերացումները չեն համընկնում: Մենք պետք է գնանք այս ճանապարհով, պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, ձգտենք խաղաղության՝ փորձելով մոտեցնել պատկերացումները, եւ պետք է հնարավորինս արագ ու արդյունավետ բարեփոխենք մեր բանակը՝ ՀՀ անվտանգությունը ապահովելու համար, եւ իհարկե մեր դաշնակցային հարաբերություններում մեխանիզմների, պարտավորությունների կատարելագործումը չափազանց կարեւոր է այս համատեքստում: Շատ կարեւոր է հստակ հասկանալ, թե մեր նկատմամբ ով ինչ պարտավորություն ունի եւ մենք ուրիշների նկատմամբ ինչ պարտավորություններ ունենք»,-ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են: Ժամը 08.00-ի դրությամբ իրադրությունը սահմանին փոփոխություններ չի կրել, հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականետներ, ԱԹՍ–ներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են: Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը: