Ակնհայտ է, որ Բաքվի ագրեսիան կշարունակվի, քանի դեռ չի դատապարտվել Շուշիի հռչակագիրը, որը կնքվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։ Հայաստանի իշխանության համար այդ թեման դեռեւս տաբու է մնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Մենք խոսում ենք դիվանագիտության եւ բանակաշինության ոլորտներում քաղաքականության վերանայման անհրաժեշտության մասին, քանի որ այդ ոլորտներում կան բացթողումներ։ Ադրբեջանը հարձակվում է՝ հաշվի առնելով այն, որ մենք դիվանագիտական եւ ռազմական ուժի առումներով թույլ ենք։ Սակայն ՀՀ իշխանությունը չի ցանկանում ընդունել ձախողման փաստը»,-հավելեց Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ իրավիճակը լարված է, իսկ ստացվող տեղեկատվությունը՝ ոչ լիարժեք։

«Այն, ինչ տեղի է ունեցել, սարսափելի է։ Ադրբեջանը բոլորին եւ առաջին հերթին մեր հասարակությանը ցույց տվեց իր իրական դեմքը։ Կարեւոր է ճիշտ եզրակացություններ անել, դասեր քաղել եւ լուծել գլխավոր խնդիրը, որն է՝ կանխել նման միջադեպերի կրկնությունը։ Մենք ասում ենք, որ կգանք ԱԺ մեր օրակարգով, իսկ իշխանության այն հայտարարությունը, թե մենք չենք մասնակցել նիստին, մանիպուլյացիա է։ Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի խորհրդարանն իրական հայտարարությամբ հանդես գա։ ԱԺ-ի ընդունած հայտարարությունը նախորդ հայտարարությունների կրկնությունն է։ Խորհրդարանը պետք է հիմնական ուղերձը հղեր առ այն, որ հենց մենք ենք հետագայում բացառում նման դեպքերը։ Հենց դա է մեզնից սպասում սահմանին կանգնած զինվորը։ Նա սպասում է անվտանգության ամրապնդման։ Հենց դրան պետք է ուղղված լիներ հայտարարությունը»,-շեշտեց Ռուստամյանը։