Ոչ մեկն ագրեսիվ չէր, ուղղակի մարդիկ լարված են, ինչը շատ բնական է այն ամեն ինչից հետո, ինչը երեկ հնչում էր ԱԺ դիմաց, Բաղրամյան պողոտայում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ էին ՔՊ–ական կանայք այդքան ագրեսիվ ԱԺ դահլիճում:

ՔՊ-ի պատգամավորն անդրադարձավ նաեւ նախօրեին Նիկոլ Փաշինյանի արած հետեւյալ հայտարարությանը. «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»:

Թունյանը, մասնավորապես, նշեց. «Եթե մի քիչ հայերենի հետ իմացություն ունեք, իմ կարծիքով այդ հայտարարությունը շատ նորմալ կարելի է հասկանալ: Գոնե դուք՝ լրագրողներդ, մարդկանց խոսքերը մի աղավաղեք ու ներկայացրեք այնպես, որ  հասարակությունը ճիշտ հասկանա ասելիքի իմաստը: Դուք շատ լավ գիտեք, որ եթե տեքստի կոնտեքստից կտրում ես ինչ-որ մի նախադասություն, դա կարող է ամբողջ միտքը հակառակ ուղղությամբ ներկայացնել: Դուք այդ հնարքը շատ լավ օգտագործում եք:

Իր ասածը հետեւյալն էր՝ եթե ես իմանամ, որ կա տարբերակ, որը Հայաստանի շահերից է բխում, Հայաստանի շահերին չի հակասում եւ եթե անգամ այդ տարբերակն ընդունելու դեպքում մեզ իշխանությունից հանեն, ես դա կստորագրեմ: Միաժամանակ նա ասում է, որ կան կարմիր գծեր: Այսինքն թեման փակ է: Եթե դրանից ավել մարդիկ չեն հասկանում, ապա մի լավ խոսք կա՝ եթե մարդը վարձատրվում է չհասկանալու համար, ուրեմն նրան ոչինչ հնարավոր չէ հասկացնել: Փորձեք իրականությունը ներկայացնել ժողովրդին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ում քիչ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց:

Նա ասաց. «Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ինքը մի թուղթ ստորագրի մարդիկ իրեն կարող են ասել դավաճան: Մի պահ մտածեք, որ այդ պիտակն ամեն մեկիդ կպնելու է», որից հետո դահլիճից սկսեցին բղավել ու արձագանքել նրան:

Հատկապես ակտիվ էին ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Քրիստինե Պողոսյանը, հնչեցին վիրավորանքներ: Վահագն Ալեքսանյանը տեղից բղավում էր. «Դավաճանը մերդ ա, տղեդ ա»:

Գեղամ Մանուկյանի ելույթից հետո ՔՊ-ականները, մասնավորապես, Քրիստինե Պողոսյանը հաշիվ էին պահանջում Գեղամ Մանուկյանից, սակայն չէր լսվում, թե ինչ են ասում: ԱԺ-ում 30 րոպե ընդմիջում հայտարարվեց:

Հիշեցնենք նաեւ, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել էր հետեւյալը. «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»: