Արդեն երկրորդ օրն է, որ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում հանրահավաքը շարունակվում է. հավաքի մասնակիցները Ադրբեջանի ագրեսիան դատապարտող պաստառներով եւ ելույթներով են հանդես եկել. Իշխանություններից պահանջում են բաց խոսել ժողովրդի հետ եւ քայլեր ձեռնարկել:
«Մենք խաղաղություն ենք ուզում, մեր հողն ենք ուզում: Մեր պահանջը մեկն է, որ Արցախը մնա հայկական»,-ասաց հավաքի մասնակիցներից մեկը:
Մեկ ուրիշն էլ ասաց. «Թուրքն ի՞նչ է, որ հայի դեմ պայքարի, պատմությունը ցույց է տվել, որ եթե հայը միասնական է, մեկ հայը թուրք արժի»:
«Մենք գնալու տեղ չունենք, պետք է մնանք, մեր հողը պահենք»,-ասաց հավաքի մասնակից մի կին:
Այստեղ են նաեւ Արցախի ԱԺ պատգամավորները, նաեւ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ով վստահեցրել է, որ առան Արցախի ժողովրդի կամքը հաշվի առնելու որեւէ մեկն իրավունք չունի փաստաթուղթ ստորագրելու:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Հայաստանի ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե փաստաթուղթ է ստորագրելու, որը կերաշխավորի խաղաղությունը, Ստեփանակերտում ինքնաբուխ հանրահավաք էր անցկացվել։
Փաշինյանի հայտարարությունից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ Արցախը չի կարող եւ չպետք է լինի Ադրբեջանի կազմում։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց եւ պահանջում էին նրա հրաժարականը։
Փաշինյանը հայտարարությունից հետո նաեւ գրառում էր արել, որում նշում էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման։ Նա նաեւ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել։











