Միացյալ Նահանգների անհապաղ արձագանքն էր՝ դադարեցնել բռնությունները ու հրադադար հաստատել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Վաշինգտոնն Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու վերաբերյալ։

«Մեր պատվիրակությունը շատ հստակ հայտարարել է, որ դա նախաձեռնվել է Ադրբեջանի կողմից։ Այս այցի ընթացքում մենք տեղեկացել ենք 2020թ. կոնֆլիկտը կարգավորելուն  ուղղված, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրում առկա մարտահրավերների մասին և այն, թե ինչպես կարող են դրանք հիմա նպաստած լինել  ադրբեջանական կողմից  բռնության գործադրմանը։ Եվ ես ասացի իմ գործընկերներին, որ նրանք պետք է արձագանքեն այդ հարցին...»,- պատասխանեց Նենսի Փելոսին՝ խոսքը փոխանցելով կոնգրեսական Ջեքի Սփիըրին։

«Ներկայացուցիչների պալատն արդեն մեր՝ այստեղ գտնվողներիս համահեղինակությամբ բանաձեւ է ներկայացնել։ Մենք դրանով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները։ Հուսով ենք՝ այն կընդունվի շուտով։ Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը, եւ դեմ ենք լինելու Հայաստանի սահմանների փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության»,- շեշտել է կոնգրեսականը։