Մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք, վերահաստատեցինք ԱՄՆ Կոնգրեսի հանձնառությունը Հայաստանում եւ տարածաշրջանում անվտանգությանը, տնտեսությանը, ժողովրդավարական ինստիտուտներին աջակցելու հարցում։ Այս մասին այսօր` սեպտեմբերի 18-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

«Ինձ համար մեծ պատիվ է, որ ես Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակն եմ, ԱՄՆ ամենաբարձաստիճան պաշտոնյան, որն այցելել է ՀՀ, որտեղ մենք շարունակում ենք մեր երկխոսությունը: Միացյալ Նահանգների Կոնգրեսը առաջատար դեր է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում եւ 2019 թվականին այն օրենսդրորեն ընդունվեց, իսկ  անցած տարի պաշտոնականացվեց նախագահ Բայդենի կողմից։ Մենք երկար ժամանակ Կոնգրեսում այս հարցի շուրջ աշխատում էինք: Մենք այժմ ունենք նախագահ, որն ասել է, որ կստորագրի այդ բանաձեւը, ինչի համար մենք երախտապարտ ենք նախագահ Բայդենին, նաեւ  շնորհակալ ենք նրան վարչապետ Փաշինյանին այս տարի Ժողովրդավարության գագաթնաժողովին հրավիրելու համար»,- ասաց նա:

Ընդգծելով, որ իրենց այցը պլանավորված է եղել մինչեւ Հայաստանի սահմանի վրա հարձակումը՝ Փելոսին ասել է. «Հայաստանը մեզ համար կարեւոր նշանակություն ունի, որովհետեւ...անվտանգային հարցերի կարեւորությունը Հայաստանի տարածքի դեմ Ադրբեջանի ապօրինի եւ մահաբեր հարձակումներից հետո։ Մենք Կոնգրեսի անունից խստորեն դատապարտում ենք հարձակումները, որոնք վտանգում են այդքան անհրաժեշտ խաղաղության հեռանկարը։ Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հստակ նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Մենք շարունակում ենք հետեւել իրադարձություններին եւ շարունակում ենք աջակցել, որ բանակցային, խաղաղ եւ տեւական լուծում տրվի հակամարտության բոլոր հարցերին: Մենք տասնյակ տարիներ Կոնգրեսում, նաեւ երկկուսակցական մակարդակում փորձել ենք Թուրքիային, նաեւ Ադրբեջանին պատասխանատվության կանչել հակամարտության համար»,- նշեց Փելոսին։