ՀԱՊԿ–ի հետ հարաբերությունները Հայաստանի որոշելիքն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18–ին Երեւանում ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ թե հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների արտահայտած դժգոհությունը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հասցեին՝ ադրբեջանական ագրեսիայի հարցում վերջինների արձագանքի առնչությամբ, արդյո՞ք Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից եւ Ռուսաստանի ազդեցության գոտուց, եւ արդյո՞ք ԱՄՆ-ը պատրաստ է երաշխավորել Հայաստանի անվտանգությունը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նա խոսքը փոխանցեց գործընկերոջը՝ կոնգրեսական Ֆրենկ Փալոունին։
«Մենք հասկանում ենք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ անվտանգային այդ կառույցում է։ Այդ առումով մենք որեւէ բան չենք առաջարկում, մենք ասում ենք, որ Միացյալ Նահանգները շատ մտահոգված է Հայաստանի անվտանգությամբ, ցանկանում ենք անել այն ամենն, ինչ կարող ենք, հասկանալ, թե ինչ կարող է անել Միացյալ Նահանգները Հայաստանի անվտանգության ապահովման հարցում, եւ դա որեւէ կապ չունի Ռուսաստանի կամ այդ կառույցի հետ»,- նշեց Փալոունը։
Փելոսին, շարունակելով կոնգրեսական գործընկերոջը, հայտարարեց, որ «այլ սուբյեկտների հետ հարաբերությունները Հայաստանի որոշելիքն է»։
«Կարող եմ գործընկերոջս հավելել միայն, որ Հայաստանի ժողովրդավարությունը, Թավշյա հեղափոխությունը ողջունվել է ողջ աշխարհի կողմից, եւ դա առավել ամրապնդվել է վերջին ազատ եւ արդար ճանաչված ընտրություններում: Դուք լավ օրինակ եք ժողովրդավարության անցում կատարելու իմաստով, եւ մենք աջակցում ենք դրան: Ինչպես պարոն Փալոունը նշեց, այլ սուբյեկտների հետ ձեր հարաբերությունները Հայաստանի որոշելիքն է, բայց, իմ կարծիքով, Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ինքնիշխանությունը, Հայաստանի ժողովրդավարությունն արժեքավոր են Ամերիկայի համար: Այլ երկրների հետ մեր հարաբերություններում մենք պետք է օգտագործեն մեր ազդեցությունն ու լծակները՝ ցույց տալով, որ Հայաստանի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը գերակա են: Ես սա ասում եմ իմ անունից, չեմ ասում, թե ինչ պետք է անի Հայաստանը: Հետաքրքիր է, որ կա հիասթափություն այն պատճառով, որ այդ հարաբերությունից պաշտպանության փոխարեն ստացել են փաստահավաք առաքելոություն։ Տեսնենք, թե ինչ կլինի։
Ջեքի Սփիըրը նշեց ադրբեջանական ներխուժումը դատապարտող բանաձեւի նախագծի մասին, որը շուտով կքննարկվի Կոնգրեսում։ Դրա համահեղինակը Ադամ Շիֆն է: Նա նաեւ Ցեղասպանության բանաձեւի համահեղինակներից մեկն է։ Մենք բոլորս հպարտանում ենք մեր շրջանում ամերիկահայերի թվով»,- ասաց Փելոսին։
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ը պատրաստ է ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին, Փելոսին ասաց, որ իրենց այցի կարեւորությունը կայանում է նրանում, որ իրենք եկել են ոչ թե ասելու՝ ինչ կարող են անել, այլ լսելու՝ ինչի անհրաժեշտություն կա Հայաստանում։
«Տնտեսական, անվտանգային հարցերով մենք այսօր խոսեցինք մեր հանդիպման ժամանակ, եւ խոսնակը խնդրեց մեզ աջակցել, որ Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մասնակից դառնա։ Սա մեծ քայլ է տնտեսական ուղղությամբ: Մենք խոստացել ենք, որ կաշխատենք օգնել այս հարցում: Ինչ վերաբերում է պաշտպանական հարցերին, ապա մենք չենք գալիս եւ ասում՝ պատրաստ ենք սա անել, այլ լսում ենք, թե ինչ է անհրաժեշտ»,- պատասխանեց Փելոսին:











