Մարդկանց, ազգերին կոտրելու լավագույն ձևը նրանց մշտապես տագնապի մեջ պահելն է, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արգիշտի Կիվիրյանը։

«Այս իշխանությունները իրենց ամենահանցավոր քայլերը, որոնք իրականացրել են հայ ժողովրդի դեմ, բացի արցախյան հարցը պատերազմին հասցնելն է և այդ պատերազմը տանուլ տալն է, այլև կան մի քանի շատ ավելի վտանգավոր քայլեր, որոնք նրանք իրականացրել են։ Նրանց ամենամեծ հանցագործությունն այն է, որ իրավիճակը հասցրեցին նրան, որ բնաջնջվեց հայկական բանակը որպես ռազմաքաղաքական միավոր»,– ասաց նա։

Քաղաքագետը նշեց, որ տարածքների կորուստը, իհարկե, ցավալի է, քանի որ արյուն է թափվում դրանք նվաճելու համար և հետո այդ տարածքները կորսվում են։ «Սակայն եթե դու ուզում ես պետությունն ու ազգին նվաճես, պետք է բնաջնջես իր բանակը»,– ասաց նա։

Երկրորդ ամենահանցավոր քայլը, ըստ նրա, այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը 2020 թ․ նոյեմբերի 9-10-ի գիշերը կանգնեցին այնպիսի մի կետի վրա, որը հայկական կողմի համար ոչ թե կանգնեցնում էր այդ վիճակը, անգամ այդ պարտված կետի վրա, այլ դրանով նոր գործընթացների սկիզբ էր դրվում, որն Ադրբեջանն օգտագործում է հայությանը մշտապես պահելով տագնապի մեջ։

«Այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանն ու ադրբեջանցիները, կարելի է ասել, համատեղ կերպով ողջ հայությանը պահում են այդ տագնապային վիճակում։ Դա գալիս է նրանից, որ 2020-ի այդ փաստաթուղթը ստորագրելուց ակնհայտ է, որ եղել են ինչ–ինչ բանավոր պայմանավորվածություններ, Նիկոլ Փաշինյանը տվել է ինչ–ինչ խոստումներ, և այսօր ադրբեջանական կողմը եկել ու անընդհատ գալիս է այդ խոստումների հետևից։ Իրականում այդ փաստաթուղթը չկանգնեցրեց իրավիճակը։ Այդ փաստաթուղթը ստեղծեց հայության համար գահավիժման և տագնապի նոր մթնոլորտ»,– նշեց նա։

«Եթե ազգին հաղթելու համար պետք է բնաջնջես նրա բանակը, ապա ազգը կործանելու համար պետք է մշտապես նրան պահես տագնապի մեջ։ Երկու տարի այս ազգը հանգիստ չունի, մշտական այդ տագնապի մեջ է և արդեն չի պատկերացնում, թե որն է ճիշտ, որը՝ սխալ։ Ինչ–որ տարբեր քաղաքական խմբեր նրան [Փաշինյանին – խմբ․] հասցնում են հիստերիաների։ Վաղը, վստահ եղեք, նման իրավիճակներում փողոցներում հայտնվելու են հարյուրավոր կրոնական խմբեր և հասցնեն հիստերիայի։ Ազգերի կործանումը տեղի է ունենում նման մեխանիզմներով։ Ի վերջո, պետք է կանգնեցվի այդ տագնապը, այս ազգը պետք է դուրս բերվի տագնապի այդ սինդրոմի տակից։ Երկրորդ՝ վերականգնվի բանակը, ու մենք միանշանակ կկարողանանք ապահովել պետականությունը»,– ասաց նա՝ հավելելով, որ դա պետք է արվի ոչ այս իշխանությունների հետ, քանի որ «մեկ օր շուտ պետք է այս պատուհասներից ձերբազատվել»։