44-օրյա պատերազմում զոհված պայմանագրային զինծառայող Անդրանիկ Պետրոսյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, կդառնար 29 տարեկան։ Անդրանիկ Պետրոսյանը Հադրութից էր, պատերազմից հետո ընտանիքն ապրում է Ստեփանակերտում։ 29-ամյա Անդրանիկի հարազատներն «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել, իրենց հետ Անդրանիկի սիրելի քաղցրավենիքներն էին բերել։
NEWS.am-ի հետ զրույցում Անդրանիկի մայրը՝ Իռա Պետրոսյանը, պատմեց, որ մեկ տղա ուներ եւ չորս աղջիկ։ Որդին ընկերուհի ուներ, պատրաստվում էր ամուսնանալ։
«Ապրելս չի գալիս, դեռ 4 տղա թոռ ունեմ Արցախում, հարցը չի լուծում, պահել է, որ թոռներիս էլ տանի, կոտորի՞։ Միայն կասեմ, որ մենք անտեր ենք, ղեկավարություն չունենք թե Հայաստանին, թե Արցախին։ Տղաս Հայաստանի անկախության օրը ծնվեց, այս հողում էլ թաղվեց. չգիտեմ՝ սա ինչ ճակատագիր էր»։
Անդրանիկ Պետրոսյանը զոհվել է Մարտունիում. «Հադրութի գնդի հետ շրջափակման մեջ էր, մի կերպ տղերքը դուրս եկան, հասան Մարտունի, նոյեմբերի 9-ին զինադադար տվեցին ու զոհվեց։ Ես Աստծուն փառք եմ տալիս, որ որդուս դեմքը տեսել եմ. մայրն ինչին է փառք տալիս, որ իր երեխուն դրել ա դագաղն ու հաջող արել»։
Մանրամասները՝ տեսանյութում











