Արցախի հակամարտությունը բացարձակ նման չէ տարածքային վեճի, խնդիրը վերաբերում է արցախահայությանը, նրա կյանքի իրավունքին։ Ուստի, եթե նույնիսկ Հայաստանը կամ ինչ-որ երկիր որոշեն ձեռքերը լվանալ Արցախից, խնդիրը մնում է, սա բոլոր քաղաքակիրթ ժողովուրդների խնդիրն է, եւ այն պետք է լուծվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորՎլադիմիր Վարդանյանը։

Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության, թե իշխանությունը մտադիր է ապամոնտաժել Արցախում պետական ​​կառույցները, պատգամավորը կոչ արեց ուսումնասիրել վերջին տարիներին Հայաստանի իշխանության կողմից Արցախին ցուցաբերվող օգնության չափը։

«Ոչ ոք ձեռքերը  չի լվացել Արցախից։ Եթե ​​մենք խոսում ենք ժողովրդի իրավունքի մասին, ապա դրա ենթատեքստը վեր է ցանկացած տարածքային հակամարտությունից։ Վերջին օրերին մենք ականատես եղանք այն բարբարոսությանը, որը բնորոշ է ԴԱԻՇ-ի գործունեությանը։ Սա դիվանագիտական ​​կոշտ հակահարվածի առիթ էր։ Միջազգային հանրությունը պետք է իմանա, թե ում հետ գործ ունենք, ինչ սպառնալիքներ կարող են լինել։ Դրանք պետք է հասցվեն զրոյի»,-եզրափակեց պատգամավորը։