Ես չեմ կարծում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ պետք է Արցախի վերաբերյալ հիշատակում լինի, որովհետեւ դա կարող է հայելային պահանջ եւ ցանկանություն առաջացնել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Երկրորդը, Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ երբեւէ տարածքային պահանջ չի ունեցել, տարածքների մասին շեշտումը միայն կբարդացնի, միգուցե առոչինչ կսարքի հնարավոր կնքվելիք պայմանագիրը: Իմ անձնական կարծիքն է, որ նման բան չպետք է անել»:
Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ է Հայաստանն առաջարկում Արցախին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Առաջարկում ենք այն, ինչ առաջարկել ենք մշտապես: Արցախն ինքնուրույն պետք է ներգրավված լինի եւ ներգրավված է բոլոր քննարկումներում: Միաժամանակ եղել է տարբերակ, որտեղ Հայաստանը լիովին դուրս է քննարկումներից, Արցախը միայնակ է մնում, որին Հայաստանը չի գնացել: Մենք մեր հայրենակիցներից միայնակ չենք թողել ու չենք թողնելու»:
Հարցին, թե Ադրբեջանը տվե՞լ է հավաստիացում, որ կբանակցի Արցախի հետ, Ա նախագահն րձագանքեց. «Իսկ ինչպե/ս կարող է Ադրբեջանը չբանակցել, չքննարկել: Ասեմ ավելին, մինչ օրս եղել են շատ հարցեր, որ Ադրբեջանը քննարկել է, կարելի է ասել բանակցել է Արցախի հետ: Ադրբեջանը Արցախի իշխանությունների հետ գտնվում են ամենօրյա ուղիղ կապի մեջ: Նույնիսկ լինում են դեպքեր, երբ Արցախի իշխանությունները նույնիսկ ավելի շատ են տեղեկացված լինում, քան մենք:
Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ բանակցային գործընթացի չի ավարտվել, որեւէ փաստաթուղթ, որին կարող ենք հղում անել, գոյություն չունի: Բնական է, որ ամեն կողմ իր տեսլականը, պատկերացումը ներկայացնում է»:
Դիտարկմանը, թե արդյոք Ադրբեջանը Արցախի կարգավիճակի հարցով կբանակցի որեւէ կողմի, այդ թվում Արցախի հետ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքը չի կարող ասել՝ Ադրբեջանն ինչ կանի, կամ չի անի:











