Ադրբեջանը ուժի դիրքից է խոսում եւ ուժով ստիպում է, որ Հայաստանը ճանաչի այդ պայմանագիրը եւ ճանաչի իր տարածքը, Արցախի հարցը ընդհանրապես դուրս գա օրակարգից: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ընթացքում ասաց ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:
«Տեսնում ենք, որ անգամ որեւէ միջազգային առաքելություն Ալիեւը չի ընդունում Արցախում, այսինքն դա երկորդ կապիտուլյացիան կարելի է համարել, որը համապատասխանում է միջազգային հարաբերությունների օրենքին` այդ հարցը լուծվեց ուժով, իսկ ինչ ենք մենք դրան հակադրում, ես չգիտեմ: Ի՞նչ արեցինք մենք այս վերջին մի քանի տարում, որ դրա դեմ ուժային հակակշիռ, պոտենցիալ ստեղծեինք: Մենք խոսում ենք խաղաղության դարաշրջանի մասին, իսկ միջազգային հարաբերություններում բառերով ոչինչ չի որոշվում, միայն ուժով: Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է, մենք`չենք հասկանում, դրա համար մենք այս վիճակում ենք»,- ասաց նա:
Խաչիկյանի խոսքով` Ադրբեջանը որեւէ միջազգային ուժ չի թույլատրում Արցախում, բացի Ռուսաստանից, Արցախի հարցը համարում է փակված, իսկ հետագայում արցախցիներին սպասվում է կամ տեղահանում, կամ էթնիկ զտում:
«Պայմանագրի վրա հույս դնել պետք չէ, պետք է հույս դնել ուժային հարաբերությունների վրա: Ասենք թե ստորագրվեց մի պայմանագիր, Արցախը հանձնվեց, 120 հազար հայ դարձան փախստական, կամ ոչնչացվեցին, ի միջիայլոց, հետաքրքիր է, որ ոչ մեկ դրա մասին չի խոսում, Եվրոպան ոչինչի չի խոսում, Մակրոնը ոչինչ չի ասում, ոչ էլ Փելոսին, նույնիսկ չեն ասում` թույլ կտան ցեղասպանություն, թե թույլ չեն տա: Ասենք թե, դա էլ եղավ, անկլավներևն էլ զիջեցինք եւ գտնվում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի այս շրջափակման մեջ, ով է ապահովելու, որ այս նոր պայմանագիրը չխախտվի, իսկ մենք այս վիճակով չենք կարող: Կան Արեւմուտքը եւ Ռուսաստանը,հիմա Մակրոնը ասում է Լեռնային Ղարաբաղը միջազգային հանրության կողմից չի ընդունվել որպես առանձին տարածք, նա ասաց, որ այն գտնվում է Ադրբեջանի սրտում, նշեց տարածք, ժողովրդի մասին խոսք չկա եւ ասաց, որ իրենք կողմ են, որ երկու կողմն էլ ճանաչեն 91 թվականի սահմանները: Բորելը եւ Մակրոնը խոսում են այդ սահմանի մասին եւ ոչ մեկ չի ասում` ինչ է լինելու այդ ժողովրդի հետ, իսկ եթե լինի հայերի ցեղասպանություն, դրա մասին ոչ մի խոսք չկա: Բայց նա ասում է, որ Ֆրանսիան հայերին չի թողնի, կտեղակայի դիտորդներ, որոնք միջազգային հանրությանը կտեղեակցնի, որ վերջինս արտահայտվի: Նա չի ասում, որ մենք հայերին զենք կտանք, կպաշտպանենք, ուղղակի գեղեցիկ բառեր, գեղեցիկ խոսոտումներ, որով մեզ ուզում են խաբել»,- ասաց քաղաքագիտության դոկտորը` նշելով, որ չեն խոսում, քանի որ իրենց շահ չկա:











