Հիմա Իրանի ներսում շատ լավ հասկանում են, որ Արցախի տարածքների ադրբեջանական բռանազավթումը ստեղծել է լրացուցիչ անվտանգային ռիսկեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Հետեւաբար Հայաստանն ու Իրանը ունեն համագործակցության հսկայական հնարավորություններ: Իրանի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի անվտանգային շահերից: Որպես առաջին քայլ կարելի է դիտարկել ռազմատեխնիկական համագործակցության տիրույթը Գիտեք, իրանական հրթիռները, ԱԹՍ-ները հետաքրքիր են նույնիսկ այնպիսի ռազմական գերտերության, ինչպիսին ՌԴ-ն է:
Մյուս կարեւոր հանգամանքը համատեղ հակաահաբեկչական հարթակի ստեղծումն է: Դա կարող է լինել երկկող, եռակողմ ձեւաչափով: Այս խնդրում շահագրգիռ կողմ կարող է լինել Ռուսաստանը:
Իրանը մեր տարածաշրջանում առնվազն երկու ռազմաարդյունաբերական ուղղություններով տարածաշրջնային գերտերություն է: Իրանցիներն ունեն ԱԹՍ-ների սեփական արտադրության ամբողջ շարքը, ունեն բալիստիկ հրթիռների հսկայական շարք, որը խոցելի է դարձնում նույնիսկ արեւելյան Եվրոպայի տարածքը»,-ասաց նա:
Վարդան Ոսկանյանը նաեւ նշեց, որ երբ իրանցիները խոսում են սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին, խոսքը վերաբերում է նաեւ, այսպես կոչված, միջանցքին, բայց ոչ միայն դրան: «Իրանական կողմը կարծում է, որ ադրբեջանա-թուրքական սդաշինքի առաջնային նպատակը այդ, այսպես կոչված, միջանցքի ձեռք գցումն է, այնուհետեւ ամբողջ Սյունիքի կլանումը եւ հայ-իրանական ցամաքային կապի վերացումը»:











