2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունում խոսքը վերաբերում է ոչ թե միջանցքի, այլ հենց հաղորդակցությունների բացմանը։ Ուստի, Բաքվի կողմից հասկացությունների նենգափոխում է կատարվում։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» ծրագրի շրջանակում ասաց ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։ «Հաղորդակցությունը նորմալ է, թույլատրելի եւ հասանելի, բայց էքստերիտորիալ միջանցքը ֆանտաստիկայի ոլորտից է»,- նշեց նա։ Փորձագետը վստահ չէ, որ Իրանը պատրաստ է Ադրբեջանի հանդեպ ինչ-որ ակտիվ ուժային գործողությունների։ «Բայց դա չի նշանակում, թե անգործ կնստի։ Մի բան է՝ վեճը չսահմանագծված սահմանին, մեկ այլ բան՝ ագրեսիան  հենց Հայաստանի դեմ՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ միջանցք բացելու նպատակով։ Սրանք միանգամայն տարբեր բաներ են։ Դա անհնար է, եւ Բաքուն դրան չի գնա»,- հավելեց Սկակովը։

Նրա կարծիքով՝ նման գործողություններն առաջ կբերեն ոչ միայն Իրանի կամ Ռուսաստանի, այլեւ ամբողջ աշխարհի բացասական արձագանքը։