Սա մի մեծ ծրագիր է, որտեղ Արեւմուտքն ու Թուրքիան ձեռք ձեռքի տված առաջ են գնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը գրավյալ տարածքներից արդեն երկրորդ օդավակայանն է բացում, այս անգամ Կովսականում:

«Այժմ այդ երկուսի ծրագրերն իրար հետ համընկնում են, Թուքիան ուզում է Թուրան կազմել, իսկ Արեւմուտքը ուզում է ՌԴ-ի հարավում մի մեծ պատվար ստեղծել: Այդ ծրագիրը ԽՍՀՄ ժամանակ էլ գոյություն ուներ, կոչվում էր «կանաչ կիսալուսին»: Այսօր այդ Այժմ այդ ծրագիրն ավելի մեծացել է, որի մեջ ուզում են ներառել այն թյուրքալեզու ժողովուրդներին, որոնք ԽՍՀՄ-ից անջատվել են:

Երկրորդ խնդիրն այն է, որ Իրանի դեմ եւս ծրագրեր կան, որովհետեւ Իրանը այս տարածաշրջանում թե Թուրքիայի գլխավոր ախոյանն է, թե Արեւմուտքի ու Իսրայելի աչքի փուշն է: Արցախի խնդիրը այս ամենի համատեքստում կարելի է տեսնել»,-ասաց թուրքագետը:

Նա նկատեց, որ պատահական չէր, որ 44-օրյա պատերազմում առաջին հերթին թուրքերն ու ադրբեջանցիները Իրանի հետ սահմանակից մասը գրավեցին:

Տիրան Լոքմագյոզյանը նշեց, որ այսօր ոչ Կովսականում, ոչ Վարանդայում մարդ չի ապրում, անգամ խորհրդային ժամանակներում այդտեղ մեծ բնակչությունն, մեծ քաղաքաներ չեն եղել. «Հիմնականում ծանր բեռներ տեղափոխող օդանավակայաններ այդ տարածքում ընդհանրապես պետք չեն: Ուրեմն այստեղ կա մի ուրիշ նպատակ: Հատկապես, երբ տեսնում ենք, որ այդ տարածքները չեն բնակեցված եւ մոտ ապագայում էլ չեն բնակեցվելու, նշանակում է այդ տարածքների հետ կապված ուրիշ նպատակներ ունեն: Եթե Իրանի սահմանի մոտ նման մեծ հսկա օդանավակայաններ են բացում, այստեղ գլխավոր թիրախը Իրանն է: Նպատակ ունեն ռազմական ինչ-որ ինտերվենցիա կատարել Իրանի դեմ: Ուրիշ որեւէ բանի համար չեն կարող պետք լինել այդ օդանավակայանները»,-ասաց նա:

Թուրքագետի խոսքով, հակաիրանյան ալյանսը վաղուց է ստեղված տարածաշրջանում եւ վաղուց գործում է. «Իրանի հարավային ջրերում ամերիկյան նավատորմը բվաղուց տեղակայված է, Թուրքիան իր զորքը վերջին ժամանակներս տեղակայեց Իրանի սահմանի մոտ: Ադրբեջանի սահմանը Իրանի հետ մեծացել է: Այս ամենը գնում է նրան, որ Իրանի դեմ ինչ-որ մի բան պատրաստվում է: Իրանի ղեկավարները փորձում են հետաձգել, ուշացնել այդ խնդիրը, բայց վերացնել չեն կարողանա»:

Դիտարկմանը, որ Իրանը խոշոր զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին, արդյոք կկարողանա թուրք-ադրբեջանական ախորժակը դրանով զսպե, թուրքապետը պատասխանեց. «Իրանն էլ ուզում է իր այդ զորավարժություններով ցույց տալ, որ այդքան հեշտ պատառ չի լինելու: Դա ժամանակը հետաձգելու խնդիր կլուծի, այլ ոչ ամբողջությամբ վերացնելու այդ վտանգը»: