Տարիներ շարունակ հստակ էր, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները սրվում են, եւ դա իր դրսեւորումներն է ունենալու նաեւ նաեւ Կովկասում ու Հայաստանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը:

«Դա մեր շահերի համար վտանգ ներկայացնող սպառնալիքներից մեկն է, որ այդ սրումը կարող է հասնել մի կետի, երբ մենք ստիպված լինենք կոշտ ընտրություն կատարելու երկու բեւեռներից մեկի կողմը: Հիմա այն աստիճանի է  սրվել հակամարտությունը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, որ նրանք արդեն զրոյական արդյունքով խաղի մեջ են, եւ որեւէ տեղ մեկի ներկայությունը համարվում է մյուսի շահերին հակասող ինչ-որ բան, տարբեր ռեգիոններից իրար դուրս մղելու, նոր դաշնակիցներ գտնելու, իրար համար նոր խնդիրներ ստեղծելու քաղաքականությունն է վարվում: նույնը տեղի է ունենում Հայաստանում, կոշտ պայքար է գնում այս տարածաշրջանում ազդեցության համար»,-ասաց նա:

Քաղաքագետը նկատեց, որ պատերազմից անմիջապես հետո ՀՀ-ում մեծ տարածքում գտավ մտայնությունը, որ ՌԴ-ն գործարքի է գնացել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, որպես դաշնակից մեզ դավաճանեց, որ ՌԴ-ն պատասխանատվություն է կրում այդ պատերազմի եւ այդ պատերազմի արդյունքի համար. «Դա քաջալերվեց իշխանությունների կողմից, եւ մասամբ դա թելադրված էր սեփական պատասխանատվությունից հրաժարվելու, այն ուրիշների վրա բարդելու ցանկությամբ: Բազմաթիվ առասպելներ են ստեղծվել, թե ինչու այս իշխանության քաղաքականությունը չէր պատճատը  պատերազմում պարտության:

Այս իշխանությունները եւ նրանց աջակից բավականին կազմակերպված եւ լուրջ զանգված կա, որը սա համարում է հնարավորություն Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու համար»,-ասաց նա: