Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսներն ու ուսանողները այսօր՝ հոկտեմբերի 24-ին, փակել են Գյումրի-Երեւան միջպետական ճանապարհը՝ պահանջելով քոլեջի տնօրեն Անգին Արշակյանի հրաժարականը։

NEWS.am-ի հետ զրույցում քոլեջի Տնտեսագիտության ամբիոնի վարիչ, դասախոս Թագուհի Հովակիմյանը հայտնեց, որ այսօր աշխատանքից ազատվել է վեց աշխատակից.

«Աշխատանքից ազատվել են ուսումնական գծով փոխտնօրենը, դաստիարակչական գծով փոխտնօրենը, պրակտիկայի ղեկավարը, ցերեկային բաժնի վարիչին եւ երկու դասախոսները, որոնցից մեկը Իրավագիտության ամբիոնի վարիչն էր։ Աշխատանքից ազատելու հիմնավորում այն է, որ այս գործադուլը, որը օրենքով սահմանված է, ոչ օրինական է, եւ, որ այդպիսով խաթարվում է դասապրոցեսը»։

Ըստ Թագուհի Հովակիմյանի՝ վաղն էլ իրեն են ազատելու աշխատանքից. «Այս տարիքում էլ ո՞վ մեզ աշխատանքի կընդունի»։

Նշենք, որ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում օգոստոսի 24-ից բողոքի ակցիաներ են՝ գործադուլի տեսքով։ Դասախոսները պահանջում են աշխատանքից ազատել քոլեջի տնօրեն Անգին Արշակյանին։ Դասախոսների խոսքով՝ Արշակյանը թույլ է տվել չարաշահումներ, անարդյունավետ ծախսումներ է իրականացրել: