Կուտակված շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ որոշակի հարցադրումներ պետք է հնչեն Սոչիի եռակողմ հանդիպմանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից կա հրավեր հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ հանդիպում անցկացնելու։ Հաստատել եմ մասնակցությունս, տեղեկություն չունեմ՝ ադրբեջանական կողմը եւս հաստատել է մասնակցությունը, թե՝ ոչ։ Վերջին անգամ նման ձեւաչափի հանդիպում տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին եւ ակնկալիքները կապված են այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականների հետ։ Կարող եմ հասնել նաեւ մինչեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն։ Կուտակված շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ որոշակի հարցադրումներ պետք է հնչեն։ Այդ հարցերի օրակարգը ձեզ ծանոթ է»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն առանձնացրեց մի քանի հարցադրումներ, որոնց մասին մտադիր է խոսել Սոչիի հանդիպման ժամանակ։

«Այս տարվա մարտին ադրբեջանական Զինված ուժերը ներխուժել էին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների պատասխանատվության գոտի, եւ չեմ թաքցրել, որ հասկանալի չէ խաղաղապահների կողմից արձագանքի բացակայությունը եւ թե ինչ միջոցներ են ձեռնարկվել։ Ի հեճուկս եռակողմ աշխատանքային խմբում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միջանցքների մասին հայտարարություններ են տեղի ունենում, ընդորում՝ ոչ միայն ադրբեջանական կողմից, այլ նաեւ Ռուսաստանի․ անհասկանալի մարդիկ կան, որոնք փորձում են դա զարգացնել։ Նոյեմբերի 26-ի հայտարարության մեջ նշված էր, որ կողմերը պայմանավորվեցին միջոցներ ձեռնարկել սահմանին անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղության եւ հասնել սահմագծման հանձնաժողովի աշխատանքներին։ Այդ ժամանակ մեր շատ գործընկերներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության գործընկերներն ասում էին, որ դելիմիտիացիայի հանձնաժողովն ինքնին անվտանգության մեխանիզմ կլինի։ Մենք չենք կիսում այդ տեսակետը, բայց որոշեցինք ճկունություն ցուցաբերել եւ գնալ այդ քայլին, բայց հանձնաժողովի ձեւավորումից հետո տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ի ագրեսիան եւ այն գործընկերները, որոնք ասում էին, որ դելիմիտացիայի հանձնաժողովի ձեւավորումն անվտանգության մեխանիզմ է, սեպտեմբերի 13-ի ագրեսիայի մասին մինչեւ օրս հստակ քաղաքական դիրքորոշում չեն արտահայտել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։