Մենք պետք ազգովի ձգտենք միասնության եւ դուրս մղենք օկուպանտներին մեր ինքնիշխան տարածքից : Այս մասին NEWS.am –ի հետ զևրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյան:

«Ցավալի մի լուր հայտնեմ, ցավոք թե քաղաքական գործիչների, թե  հասարակությանը թվում է, թե այս երկիրը պետք ունենա հարաբերություն մեկ խումբ երկրների կամ մեկ երկրի հետ եւ պետություն, որը տարածաշրջանում մեծագույն նշանակություն ունի, նրանց հետ հարաբերությունը պետք է սառեցնի կամ կասեցնի, այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմը կանգնեցրեց հենց Ռուսաստանի Դաշնության  եւ նրա նախագահի ջանքերի շնորհիվ: Ընթանում է գործընթաց, մենք տեսնում ենք ադրբեջանական ագրեսիան, որը ԱՄՆ-ն, մեր որոշ պաշտոնյաները ուզում են ցույց տալ, որ ԱՄՆ-ն է  կասեցրել այդ ագրեսիան, մեր համարորպես հայ պետք է էական չլինի` ով է  դա կանգնեցրել, մենք պետք է փաստերը հստակ արձանագրենք եւ ազգովի ձգտենք միասնության եւ դուրս մղենք օկուպանտներին մեր ինքնիշխան տարածքից»,- ասաց նա:

Նրա խոսքով, եթե Եվրոմիությունը եւ Միացյալ Նահանգները ինչ-որ քայլեր են ձեռնարկում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, դա չպետք է մեր երկրի վրա ծախի:

«Ի՞նչ սպասել Սոչիի բանակցություններից, այստեղ կան հակասություններ դիրքորոշումների վերաբերյալ: Ադրբեջանը բազմիցս հայտնում է, որ նա պարտադրելու է մեզ այս  համաձայնագիրը, բայց ոչ մի պարտադրված պայմանավորվածություն երբեք երկար չի տեւում»,- ասաց նա:

Թարվերդյանի կարծիքով` շատ դժվար է պատկերացնել, թե մենք ինչպես ենք ապրելու Ադրբեջանի հետ խաղաղ պայմաններում, վերջին 30 տարիների կամ Թուրքիիայի հետ վերջին  100 տարիների փորձը   հաշվի առնելով:

Հարցին, թե ինչ վտանգներ կարող են առաջանալ Հայաստանի շուրջ Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունների սրման հետեւանքով, Թարվերդյանն ասաց, որ վտանգը անփորձ, ապիկար արտաքին քաղաքականության արդյունքը կարող է լինել:

«Մենք բազմիցս հայտնել ենք, որ Հայաստանն այսօր գտնվում է գեոքաղաքական լարվածության կիզակետում, այստեղ իրենց շահերը ուզում են տեսնել Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, նրանք ունեն շահեր, պետք է վարել հավասարակշռված քաղաքականություն եւ ստանալ դրանից հայանպաստ արդյունք եւ ոչ թե հակասություն ստեղծել այդ շահերի մեջ եւ դառնալ ռազմադաշտ այդ պետությունների համար: Հայաստանը վարում ոչ հավասարակշռված քաղաքականություն, միակողմանի, միավեկտոր քաղաքականություն, որը շատ վտնագավոր է մեր պետության համար»,- ասաց նա: